login
Հոդվածներ
Արևմտահայերենը Հայաստանում. մարտահրավերները և հեռանկարները 11/26/2016
2016 թվականի նոյեմբերի 26-ին ՀՎՀ-ն մասնակցեց «Արևմտահայերենը Հայաստանում. մարտահրավերները և հեռանկարները» խորագրով գիտաժողովին, որը կազմակերպվել էր «Հալեպի երիտասարդական խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից` ՀՀ կրթության նախարարության և ՀԲԸՄ-ի աջակցությամբ։ Գիտաժողովի նպատակն էր Հայաստանում գտնել արևմտահայերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված լուծումներ ։ Գիտաժողովին ներկա էին հայտնի լեզվաբաններ, հայագետներ, կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՀՎՀ արևմտահայերենի օնլայն ուսուցիչ Զեփյուռ Խեբլիկյանը։ «Նորագույն տեխնոլոգիաները և հայկական կրթությունը» խորագրով իր ելույթում տիկին Խեբլիկյանը խոսեց արևմտահայերենի ներկայիս իրավիճակի և ՀՎՀ-ի ունեցած փորձի մասին` ներկայացնելով, թե ինչպես կարելի է նորագույն տեխնոլոգիաների միջոցով պահպանել արևմտահայերենը։ Լսարանը տեղեկացավ, թե ինչպես կարող են նորագույն տեխնոլոգիաները նպաստել արևմտահայերենի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը` առավել դյուրին դարձնելով ուսումնական գործընթացը։ Ներկաները հատկապես բարձր գնահատեցին ՀՎՀ-ի արևմտահայերենի դասավանդման մոտեցումը, որը նպաստում է նաև հայկական մշակույթի և պատմության ճանաչմանը։ «Արևմտահայերենը կգոյատևի, եթե մենք կարողանանք խոսել Գառնիի և Գեղարդի մասին արևմտահայերենով»,-ասաց տիկին Խեբլիկյանը։ Տիկին Խեբլիկյանն իր ելույթն ավարտեց` փաստելով, որ ՀՎՀ-ն արդյունավետ հարթակ է` հաղթահարելու այն խնդիրները, որոնց մասնագետները սովորաբար բախվում են արևմտահայերենի` ավանդական մեթոդներով դասավանդման ժամանակ։