login
Հոդվածներ
Ինչպես է ՀՎՀ-ն օգնում դառնալ իսկական հայ ՀՎՀ-ի բացառիկ ուսանող Նազարեթ Սեֆերյանի պատմությունը 08/31/2011
Նազարեթ Սեֆերյանը հայրենադարձ հայ է, որն ապրում է Երևանում: Նա ծնվել է Կանադայում`լիբանանահայ ընտանիքում: Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Հնդկաստան, որտեղ էլ նա մեծացել է իր երկու եղբայրների հետ: 1998 թվականին, միջնակարգ դպրոցն անմիջապես ավարտելուց հետո, Նազարեթը գալիս է Հայաստան Երևանի պետական բժշկական համալսարանում կրթություն ստանալու նպատակով: Այնուհետև Հայաստանի Ամերիկյան համալսարանում նա մասնագիտանում է հասարակական առողջության ոլորտում` միևնույն ժամանակ մասնակցելով Քեմբրիջի համալսարանի կայուն առաջնորդության վերաբերյալ հեռավար կրթության դասընթացներին: Սեֆերյանների ընտանիքում միշտ հայերեն են խոսել: <<Երբ տեղափոխվեցի Հայաստան, հայերենի իմ իմացությունը զգալիորեն բարելավվեց, և ես նաև սովորեցի ռուսերեն: Բայց Հայաստանում ապրելու տարիներին ինձ շատ քիչ հնարավորություն է ընձեռվել ստանալ մասնագիտական գիտելիքներ Հայաստանի պատմության վերաբերյալ>>,- ասաց Նազարեթը: Չնայած որ հայոց լեզվի մի քանի դասընթաց է անցել Երևանի պետական բժշկական համալսարանում, նա պատմության դասընթաց երբեք չի վերցրել: Նա այնպիսի զգացողություն ուներ, որ ինչ-որ բան լիարժեք չէր, քանի որ նա շատ բան չգիտեր հայ մեծանունների և հայոց պատմության կարևոր իրադարձությունների մասին: Երբ Հայկական վիրտուալ համալսարանում հայոց պատմություն սովորելու հնարավորություն ընձեռվեց, նա սրտանց ընդունեց այն և միանգամից 2 դասընթաց վերցրեց 2009 թվականի աշնանային ուսումնական շրջանին: Բոլոր դասընթացներից Նազարեթը ընտրեց հին շրջանի հայոց պատմությունը: Դա այն բնագավառն էր, որի մասին նա շատ քիչ բան գիտեր: Իր ընտրությունը պայմանավորված էր նաև ընդհանրապես իր պատմության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությամբ: <<ՀՎՀ-ի պատմության դասընթացները ինձ վերջնականապես հնարավորություն տվեցին լավ ճանաչելու հայոց պատմությունը, և հիմա ես ինձ շատ ավելի վստահ եմ զգում հայոց պատմության վերաբերյալ զրույց-քննարկումներին մասնակցելիս: Տանելով համեմատական զուգահեռներ անցյալում և այսօր տեղի ունեցող իրադարձությունների միջև` ես ապշում եմ. Պատմությունն ամբողջությամբ կրկնվում է>>,- ասում է նա: Շարունակելով իր խոսքը` նա ասաց, որ հպարտություն է զգում`ապրելով Հայաստանի ազատ, անկախ հանրապետությունում: ՀՎՀ-ի դասընթացներն իրեն ներշնչեցին նաև ինքնուրույն ուսումնասիրություններ անել իր երկրի պատմության մասին շատ ավելի լավ տեղեկացված լինելու համար: Նա հույս ունի, որ ՀՎՀ-ի պատմության դասընթացները իրեն հնարավորություն կտան լիարժեքորեն ծանոթանալու Հայաստանի պատմության կարևորագույն իրադարձություններին, և որ հետագա դասընթացները կհարստացնեն իր գիտելիքները հայ գրականության ոլորտում: Նա կարծում է, որ ՀՎՀ-ն կարող է հզոր զենք լինել սփյուռքում բնակվող հայերի, հատկապես երիտասարդների ձեռքում` նրանց օգնելով ավելի լավ ճանաչել իրենց երկրի պատմությունն ու մշակույթը: Նազարեթը արդեն խորհուրդ է տվել իր ընկերներին գրանցվել ՀՎՀ-ի դասընթացներին: Նազարեթի դրական փորձը լավագույն օրինակ է սփյուռքում և Հայաստանում բնակվող բոլոր հայերի համար: << Ես հույս ունեմ, որ ՀՎՀ-ն, տրամադրելով օգտակար գիտելիքներ, ինձ օգնում է լինել իսկական հայ, քանի որ ես ապրում և աշխատում եմ Հայաստանում>>,-ասաց նա: