login
Հոդվածներ
Թե ինչպես Գրանադայի նշանավոր համալսարանը սկսեց իր ուսումնական գործընթացում ներառել նաև հայոց լեզվի դասընթացներ 12/15/2016

ՀՎՀ-ն շարունակում է ակտիվորեն համագործակցել օտարերկրյա տարբեր ուսումնական հաստատությունների հետ։ Գրանադայի համալսարանի հետ համագործակցությունը սկսվել է 4 տարի առաջ։ Երվանդ Զորյանի` Գրանադա կատարած վերջին այցելության ժամանակ քննարկվել են առաջիկայում իրականացվելիք համագործակցային ծրագրերը։

 

Առաջին համագործակցությունը եղավ համալսարանի թարգմանչական բաժնի հետ համալսարանում սովորող հայ ուսանողների նախաձեռնությամբ, որոնք ցանկանում էին տեսնել ՀՎՀ-ի հայերենի առցանց դասընթացները երրորդ օտար լեզվի տարբերակների շարքում։ Այսպիսով, 2013 թվականից սկսած` ՀՎՀ-ն արևելահայերենի առցանց դասընթացներ է տրամադրում Գրանադայի համալսարանի հայ, ինչպես նաև հայկական արմատներ չունեցող բազմաթիվ ուսանողների։ Դասընթացը բարեհաջող ավարտելուց հետո Գրանադայի համալսարանը ուսանողներին կրեդիտներ է տրամադրում, ինչն էլ խթան է հանդիսանում ուսանողների գրանցման համար։

 

Դոկտոր Զորյանի` Գրանադայի համալսարան կատարած վերջին այցն ավելի ամրապնդեց առկա կապերը, և համալսարանի թարգմանչական բաժնի տնօրինության հետ արդյունավետ հանդիպումը առիթ դարձավ նոր համագործակցային ծրագրերի։ Թարգմանչական բաժնի դեկան Էնրիկե Քիերո Սերվիուսը, փոխդեկան պրոֆեսոր Ժան Հենդրիկ Օպդենհոֆը և ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը քննարկեցին, թե ինչպես կարելի է ամրապնդել համագործակցության կողմերը երկու ուսումնական հաստատությունների միջև, քանի որ այն երկուստեք փոխշահավետ ծրագիր է։

 

ՀՎՀ-ի տրամադրած մուլտիմեդիա ժամանակակից մեթոդների շնորհիվ սովորողների ուսումնական գործընթացում արդյունավետության բարձրացում է նկատվել։

 

Այսպիսով` ՀՎՀ-ն արձանագրում է ևս մեկ հաջող համագործակցություն եվրոպական այս նշանավոր կրթական հաստատության հետ։