login
Հոդվածներ
Համագործակցության ընդլայնում Կանադայի հայկական համայնքներում 12/10/2018

Տարեցտարի ավելանում է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանում սովորելու առավելությունները գնահատողների թիվը: ՀՎՀ օնլայն դասընթացների ճկուն մոտեցումը հատկապես կարևորում են աշխատանքային և ուսումնական ծանրաբեռնված գրաֆիկ ունեցող չափահաս ուսանողները:

 

Այս տարի ՀԲԸՄ Տորոնտոյի չափահասների խումբը միացավ ՀՎՀ-ի հիբրիդ ծրագրին: 16 ուսանողից բաղկացած խմբի շաբաթական հանդիպումները հարստացվեցին ՀՎՀ-ի արևմտահայերենի օնլայն դասընթացով: Խմբի ուսուցչուհի Ռոզա Տեր-Հարությունյանը զուգահեռաբար մասնակցեց նաև ուսուցիչների վերապատրաստման փուլին:

 

Տորոնտոն Կանադայի երկրորդ քաղաքն է, որ սկսել է ՀՎՀ հիբրիդ ծրագիրը: Արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվ համագործակցություն է ձևավորվել Մոնրեալի ՀԲԸՄ Ալեք Մանուկյան դպրոցի, ինչպես նաև նույն քաղաքում գործող «Հայորդյաց օր» շաբաթօրյա դպրոցի հետ: Այս դպրոցների աշակերտները մասնակցում են ՀՎՀ-ի շախմատի օնլայն ծրագրին, սոցիալ-մշակութային տարբեր միջոցառումներին, վիրտուալ այցելություններին, համալսարանի կողմից կազմակերպված գլոբալ այլ նախաձեռնություններին:

 

2018 թվականի հոկտեմբերին ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Ե. Զորյանն այցելեց «Հայորդյաց օր» դպրոց, հետևեց դասերի ընթացքին, հանդիպեց աշակերտների և ուսուցիչների հետ, վերջիններիս հետ քննարկեց նաև դպրոցում ՀՎՀ-ի նորարարական ծրագրերի արդյունավետության մակարդակն առավելագույնս բարձրացնելու ուղիները: