login
Հոդվածներ
Դոկտ. Երվանդ Զորյանի այցը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան 12/12/2019

2019թ. դեկտեմբերի 12-ին ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտ. Երվանդ Զորյանն այցելեց Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան, որտեղ հանդիպում ունեցավ ճեմարանի պատասխանատու Հոգեշնորհ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի, ծրագրերի համակարգող Արմեն Մարգարյանի, հայ եկեղեցու երեցփոխ պրն. Սունիլ Սոբտիի, և պրն. Նվեր Սարգսյանի հետ: Նրանք խոսեցին Հնդկաստանում հայ համայնքի գործունեության մասին, ինչպես նաև քննարկեցին Հայկական վիրտուալ համալսարանի և ճեմարանի համագործակցության հնարավորությունները:

Այցի շրջանակներում դոկտ. Զորյանը շրջեց ճեմարանի շենքում, հանդիպեց ավագ դասարանների աշակերտների հետ: Նա հատկապես կարևորեց ճեմարանի աշխատակազմի անգնահատելի աշխատանքը՝ միտված հայ ինքնության պահպանմանը, և նկատեց այն զգալի փոփոխությունները, որոնք տեղի էին ունեցել 2005թ. կատարած այցից հետո:

1821թ. Կալկաթայում հիմնադրված Հայոց մարդասիրական ճեմարանը Հայաստանի սահմաններից դուրս գործող սփյուռքի հնագույն ուսումնական հաստատություններից մեկն է: Հատկանշական է, որ տարածաշրջանում հայկական մշակույթի պահպանման գործում մեծ դեր ունեցած ճեմարանը շուտով նշելու է իր հիմնադրման 200-ամյակը:

Դոկտ. Զորյանն իր խոսքում նշեց աշակերտներին հայկական բարձրորակ կրթություն տրամադրելու կարևորությունը և քաջալերեց օգտվել ՀՎՀ-ի առաջարկած առցանց կրթության ծրագրերից:

Փետրվարի 21-ին Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված ՀՎՀ-ի առցանց միջոցառման ընթացքում ճեմարանի ներկայացուցիչները խոսեցին սփյուռքում հայոց լեզվի պահպանման իրենց փորձառության մասին: