«Չինահայ» հայ համայնքի նախաձեռնած միջոցառումը
11/09/2013
«Որովհետև երբ անոնց երկուսը աշխարհի որեւէ մասում հանդիպէ, տեսէ՛ք, թէ անոնք արդեօք մի Նոր Հայաստան չեն ստեղծէ»: Հայ մեծ գրող Վիլյամ Սարոյանի հանճարեղ խոսքերն են միանգամից մտքիդ գալիս, երբ նայում ես «Չինահայ» (Chinahay) հայ համայնքի նորաստեղծ հայկական կենտրոնին:
Հայերը շատ վաղուց են հաստատվել երկրագնդի այս հեռավոր անկյունում, բայց իրենց հասարակական ակտիվությամբ ի հայտ են եկել վերջերս: Այս առումով հատկապես աչքի ընկավ Հոնգ Կոնգի չինահայ համայնքը, որին հենց այդպես էլ անվանում են`«Չինահայ» (Chinahay):
2013 թվականի նոյեմբերի 9-ին Հոնգ Կոնգի «Չինահայ» համայնքը նշանակալից միջոցառում էր նախաձեռնել. «Jack & Julie Maxian» նորաստեղծ հայկական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունն էր: Բազմաթիվ հյուրեր արտեկրից, ինչպես նաև Հայաստանից ներկա էին այդ գեղեցիկ միջոցառմանը:
Պաշտոնական բացման արարողությանը հրավիրված էր նաև ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանը(ՀՎՀ), որը միջոցառման առաջին օրը ներկայացավ որպես պատվավոր հյուր, իսկ երկրորդ օրը` նոյեմբերի 10-ին, հանդես եկավ ՀՎՀ-ին նվիրված իր ելույթով: ՀՎՀ հիմնադիր տնօրեն դոկտոր Երվանդ Զորյանը հանդիսատեսի դատին ներկայացրեց ՀՎՀ-ի գործունեությունը և առաքելությունը` միևնույն ժամանակ ներկայացնելով, թե ինչպես կարող է ՀՎՀ-ն, որպես կրթական հաստատություն, աջակցել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող նմանատիպ համայնքներին` նոր արժեք հաղորդելով իրենց հայապահպան գործունեությանը:
Այնուհետև Նանա Մինասյանը` ՀՎՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը Հոնգ Կոնգում, ներկայացրեց ՀՎՀ-ի կողմից «Չինահայ» համայնքի հասարակությանը տրամադրվող դասընթացները: Նա հայտնեց, որ Հայկական Վիրտուալ Համալսարանի (ՀՎՀ) հետ համատեղ հայագիտական դասընթացներ կտրամադրվեն «Jack & Julie Maxian» նորաստեղծ հայկական կենտրոնում: Հայոց լեզվի, հայոց պատմության և հայ մշակույթի ամբողջական դասընթացները, օնլայն ուսուցչի աջակցությամբ, մատչելի կլինեն և՛ մեծահասակների, և՛ երեխաների համար:
Ծրագիրը մեծ հետաքրքրությամբ և խանդավառությամբ ընդունվեց հյուրերի և համայնքի անդամների կողմից: ՀՎՀ-ի եզակի ուսուցման մեթոդը գրավեց հյուրերին: Վերջիններս զգացին, որ կարող են շարունակել սերտ կապի մեջ լինել իրենց մայրենի լեզվի և մշակույթի հետ ՀՎՀ-ի նվիրյալ գործունեության շնորհիվ: