login
Հոդվածներ
Հալեպի հայկական դպրոցի աշակերտները պատմություն են սովորում ՀՎՀ-ի հետ 11/26/2018

2018 թվականի աշնանը Հալեպի ՀԲԸՄ Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան կենտրոնական վարժարանը վերսկսեց ՀՎՀ-ի պատմության դասընթացը:

 

Հուլիսին կայացած օնլայն հանդիպմանը մասնակցեցին վարժարանի տնօրենը, ուսուցչական կազմը, ՀԲԸՄ կրթական հանձնախմբի անդամները: ՀՎՀ-ի կողմից ներկա էին հիբրիդ ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը և արևմտահայերենի հեռավար ուսուցչուհի Զեփյուռ Խբլիկյանը: Նրանք ներկայացրեցին հիբրիդ ծրագիրը, ցուցադրեցին օնլայն դասընթացներից օրինակներ, խոսեցին վիրտուալ միջոցառումների և էլ. գրքերի մասին, պատասխանեցին առաջադրված հարցերին:

 

Հանդիպման մասնակիցները խոսեցին նաև արևմտահայերենով կրթական նյութերի սակավության, կրթական նոր միջոցների անհրաժեշտության մասին՝ մատնանշելով ՀՎՀ-ի դերն ու գործունեության կարևորությունը սփյուռքում հայկական կրթությունը խթանելու և դպրոցներին կրթական նորագույն մեթոդներով աջակցելու հարցում:

 

«Մենք ոգևորված ենք կրթական այս նոր հնարավորություններով և ցանկանում ենք հնարավորինս շուտ միանալ ՀՎՀ-ի ծրագրին», - ասաց ՀԲԸՄ Հալեպի կրթական հանձնախմբի ղեկավար Տիգրան Մուրադյանը:

 

Վարժարանի տնօրեն Գայանե Թումբալյանը և ուսուցիչները նույն կերպ արձագանքեցին այս գաղափարին:

 

Վարժարանի 10-րդ դասարանի աշակերտները ՀՎՀ-ի ծրագրով իրենց առաջին դասն անցկացրեցին այդ օրերին Հալեպ ժամանած ՀՎՀ-ի արևմտահայերենի հեռավար ուսուցչուհի Զեփյուռ Խբլիկյանի օգնությամբ: Այսօր վարժարանի 4-11-րդ դասարանների աշակերտները պատմություն են սովորում ՀՎՀ-ի օնլայն դասընթացներով: Ուսումնական տարվա ընթացքում կկազմակերպվեն նաև սոցիալ-մշակութային օնլայն միջոցառումներ, վիրտուալ այցելություններ և այլն:

 

Պետք է հավելել նաև, որ Լ.Ն.-Գ.Գ. վարժարանի աշակերտները մինչ այս էլ մասնակցել են ՀՎՀ-ի բազմաբնույթ նախաձեռնություններին՝ Մայրենի լեզվի միջազգային օր, «Արի պարի քոչարի» ֆլեշմոբ, Երևանի հիմնադրման 2800-ամյակ: