login
Հոդվածներ
Հայկական վիրտուալ համալսարանը ԱրմԹեք համաժողով’15-ին 10/12/2015
2015 թվականի հոկտեմբերի 12-ին և 14-ին Երևանում տեղի ունեցավ ԱրմԹեք համաժողով’15-ը, որին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև Հայկական վիրտուալ համալսարանը: ԱրմԹեք համաժողովը շահույթ չհետապնդող գլոբալ ցանց է, որի նպատակն է լուսաբանել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը և այն դարձնել գլոբալ ճանաչելի: Հայկական Վիրտուալ Համալսարանի ակադեմիական տնօրեն դոկտոր Հասմիկ Խալափյանը համաժողովին հանդես եկավ իր ելույթով, որը կրում էր «Նորագույն տեխնոլոգիաները հայկական կրթության մեջ. Հայկական վիրտուալ համալսարանի ներդրումը այս հարցում» խորագիրը: Ներկայացնելով Հայկական վիրտուալ համալսարան ստեղծելու գաղափարը`Հասմիկ Խալափյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հայ երիտասարդ սերնդի մոտ ուսուցման ավանդական մեթոդներով երկրի պատմությունը և լեզուն սովորելու նկատմամբ հետաքրքրությունը գնալով նվազում է: Մյուս կողմից` չնայած ամբողջ աշխարհում օնլայն կրթության ոլորտում տեղի ունեցող արագ զարգացումներին` հայկական կրթական ծրագրերը լիարժեքորեն չեն օգտվում օնլայն կրթության պոտենցիալ առավելություններից: Հայկական վիրտուալ համալսարանը ստեղծվել է` կրթության և սոցիալական ներառման ոլորտի գլոբալ մարտահրավերներին ընդառաջ գնալու նպատակով: Դոկտոր Խալափյանը իր խոսքում նշեց, որ ՀՎՀ-ն, օնլայն կրթության ոլորտում ունենալով ավելի քան վեց տարվա փորձառություն, կարող է հանդիսանալ անընդմեջ զարգացող այս խնդրի լուծումը: