ՀՎՀ հեռուստադպրոցն այսուհետ հասանելի է ռուսախոս լսարանի համար
09/07/2015
2015 թվականը ՀՎՀ-ի պատմության համար նշանակալից էր մեկ այլ իրադարձությամբ. կյանքի կոչվեց հայոց լեզու սովորելու ևս մեկ միջոց: 2014 թվականին անգլախոսների համար նախագծված և իրականացված ՀՎՀ հեռուստադպրոցը 2015թ. հոկտեմբերին հասանելի էր արդեն ռուսախոս լսարանի համար: ՀՎՀ հեռուստադպրոցը, որի նախագիծը մշակվել էր ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ, հեռարձակվեց Հ1 Հանրայինի արբանյակային հեռուստաընկերությամբ: Ծրագրի նպատակն էր հայոց լեզու սովորելու հնարավորություն տալ երեխաներին և պատանիներին` այբուբենից մինչև բանավոր և գրավոր խոսքի բարձր-միջին մակարդակ:
Աշխարհագրական սահմաններն անէացնող, հայոց լեզու սովորելու այս անդրանիկ հեռուստադպրոցի հիմքում ՀՎՀ-ի լեզվի օնլայն դասընթացներն են` հարմարեցված հեռուստատեսային ձևաչափին: Հեռուստադիտողները հնարավորություն ունեն կապ հաստատել նաև ՀՎՀ օնլայն ուսուցիչների հետ, որպեսզի նրանց օգնությամբ ամրապնդեն հեռուստաեթերի ընթացքում ձեռքբերած գիտելիքները: Նրանք կարող են նաև հաղորդակցվել աշխարհի տարբեր երկրներում ապրող իրենց ընկերների հետ` արձանագրվելով ՀՎՀ օնլայն դասընթացներին: Հեռուստադպրոցը ռուսերեն լեզվով եթեր է հեռարձակվում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 14:00-ին (ըստ Գրինվիչի), իսկ անգլերեն լեզվով` յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 14:00-ին (ըստ Գրինվիչի):