ՀՎՀ-ն շախմատի վարպետաց դասընթաց է անցկացնում Երևանի հանրակրթական դպրոցներում
03/17/2017
Այլընտրանքային կրթությունը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քանի որ օրեցօր աճում է կրթական այն հաստատությունների թիվը, որոնք օգտվում են ոչ միայն ավանդական, այլ նաև հեռավար կրթության մեթոդներից` երբեմն միաժամանակ կիրառելով երկու մեթոդները։
2017 թվականի մարտի 17-ին ՀՎՀ շախմատի օնլայն ուսուցիչ Վահագն Քալանթարյանը շախմատի վարպետաց դասընթաց էր կազմակերպել Երևանի Արտեմ Միկոյանի անվան N. 166 հիմնական դպրոցում։ III Ե դասարանի աշակերտները հետաքրքիր օր անցկացրին ՀՎՀ առցանց դասընթացի շնորհիվ։ Նրանք բացահայտեցին շախմատի առցանց դասընթացի մուլտիմեդիա հնարավորությունները, հետաքրքրաշարժ շարժանկարները և ինտերակտիվությունը։ Առցանց դասընթացի տպավորիչ ձևաչափը գրավեց աշակերտների ուշադրությունը։ Դասի ավարտին աշակերտները և ուսուցիչները փորձեցին լուծել շախմատային առցանց խնդիրները և հանելուկները։
ՀՎՀ-ի առցանց դասընթացի վրա հիմնված վարպետաց դասընթացը օնլայն ուսուցչի ուղեկցությամբ ևս մեկ անգամ բացահայտեց, թե ինչքան արդյունավետ կարող է լինել հիբրիդ կրթության մեթոդը այսօրվա սերնդի կրթության համար։