login
Հոդվածներ
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը մասնակցում է ԴիջիԹեք Էքսպո 2013-ին 10/04/2013
Տեխնոլոգիական նորամուծությունները մերօրյա թվայնացված աշխարհում բավականին արագ են զարգանում և տարածվում: Հայաստանում ամեն տարի անցկացվող դիջիթեք տեխնոլոգիական էքսպոն հետաքրքրված կողմերին հիանալի հնարավորություն է տալիս քայլել տեխնոլոգիական զարգացումներին համընթաց և տեղեկատվությունը հասանելի դարձնել մեծ լսարանի համար: Այս տարի ԴիջիԹեք էքսպոն տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ից 6-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: Տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսական և բանկային լուծումներ, բիզնեսի ավտոմատ կառավարում, բարձր տեխնոլոգիաներ, ինժեներիա, մուլտիմեդիա, օնլայն կրթություն, օնլայն կառավարում ոլորտներում գործող բազմաթիվ ընկերություններ մասնակցում էին էքսպոյին` բիզնեսի շահավետ պայմաններ ստեղծելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մասնակից ընկերությունների համար: Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ միասին ներկայացրեց վերջերս մեկնարկած համատեղ ծրագիրը` որոշ դեմո հատվածներ ցուցադրելով շախմատի օնլայն դասերից: Շախմատ դասավանդելու և սովորելու այս նոր մոտեցումը ՀՎՀ-ի և Շախմատի ակադեմիայի երկարատև աշխատանքի և ջանքերի արդյունքն է: Ծրագիրը մուլտիմեդիա է, ինչը նշանակում է հասանելիություն ամենքին, ամեն տեղ և ամեն պահի: Բացի այդ, միջազգային սպորտի վարպետ օնլայն ուսուցիչը ուղղորդում է ուսանողներին ողջ ուսումնական շրջանի ընթացքում` ուսման արդյունավետությունն ապահովելով օնլայն հաղորդակցության միջոցով: Ուսումնական նյութը հարուստ է հետաքրքիր վարժություններով, գլուխկոտրուկներով, ինչն ավելի գրավիչ է դառնում հեշտ կառավարելի օնլայն միջավայրի և օգտագործվող օնլայն գործիքների շնորհիվ: Ցուցահանդեսի բացմանը օրը ՀՎՀ տաղավար այցելեց նաև ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանը` կառավարական պատվիրակության ուղեկցությամբ: Հայկական Վիրտուալ Համալսարանի հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը և շախմատի ծրագրի մասնագետ Աղասի Ինանցը պատվիրակներին ցուցադրեցին, թե որքան մատչելի է գործում ծրագիրը: Պատվիրակության անդամները իրական հետաքրքրություն ցուցաբերեցին ծրագրի նկատմամբ և իրենց գոհունակությունը հայտնեցին շախմատի դասավանդման նոր մոտեցման ստեղծման համար` այն համարելով գեղեցիկ լրացում կառավարության վարած քաղաքականությանը. այն է` շախմատը ներառել դպրոցական ծրագրում որպես պարտադիր առարկա: Այնուհետև Հայկական Վիրտուալ Համալսարանի վարչական տնօրեն Աննա Ենգիբարյանը համապարփակ ներկայացրեց ՀՎՀ-ի գործունեությունը` հիմնված նորագույն տեխնոլոգիաների վրա, առաքելությունը և նոր ծրագրերը օնլայն կրթության ոլորտում: Հաճելի էր նկատել, որ ՀՎՀ-ի տաղավար այցելում էին տարբեր ընկերություններից երիտասարդ մասնագետներ, օտարերկրյա հյուրեր, ուսանողներ, երեխաներ և նույնիսկ շախմատ խաղացողներ, որոնց համար շախմատի օնլայն դասավանդումը բավականին նոր և շատ հետաքրքիր մոտեցում էր: Եռօրյա այս գեղեցիկ միջոցառումը ՀՎՀ-ին հնարավորություն տվեց ներկայացնել օնլայն կրթության ոլորտում ունեցած իր ձեռքբերումները և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ծրագրերը ոչ միայն գործարար աշխարհին և լրատվամիջոցներին, այլ նաև ամբողջ հասարակությանը, որոնք էլ, տուն վերադառնալուն պես, պետք է իրենց տպավորություններով կիսվեին ընկերների և ընտանիքի անդամների հետ` հավաստիացնելով, որ շախմատ խաղալ կարելի է սովորել նաև օնլայն` ՀՎՀ-ի միջոցով: