login
Հոդվածներ
ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանի ուսանողները այցելեցին Գաֆեսճյան արվեստի կենտրոն 08/15/2013
Արվեստը մեր կյանքի և քաղաքակրթության հայելին է, որում մենք ապրում ենք: Վերջերս ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը, օգտագործելով արվեստը որպես հաղորդակցման լավագույն միջոց, կազմակերպել էր վիրտուալ մշակութային այց Գաֆեսճյան արվեստի կենտրոն`նպատակ ունենալով փոխանցել մեր քաղաքի կյանքը և քաղաքակրթությունը ՀՎՀ-ում սովորող հայ և այլազգի ուսանողներին: Գտնվելով Երևանի սրտում` Գաֆեսճյան արվեստի կենտրոնը հայերի և զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է, որը տարեցտարի ավելի է գեղեցկանում: Այն գեղեցիկ է իր արտաքին աստիճաններով, ներքին շարժասանդուղքներով, շատրվաններով և բացօթյա պարտեզներով, որոնց յուրաքանչյուր անկյունը լի է պատմական և մշակութային քանդակներով, հուշարձաններով, զարդանախշերով և ժամանակակից արվեստի ինքնատիպ նմուշներով: ՀՎՀ օնլայն ուսուցիչները ուսանողներին ուղղորդեցին դեպի Գաֆեսճյան քանդակների պարտեզ և ծանոթացրեցին նրանց յուրաքանչյուր քանդակի պատմության և գեղարվեստական արժեքի հետ: Ուսանողների մոտ այնպիսի զգացողություն էր, կարծես ֆիզիկապես գտնվում էին այնտեղ և քայլում էին քանդակների պարտեզում: <<Ինձ շատ դուր եկավ վիրտուալ այցը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ես իրականում այնտեղ էի>>,- ասաց Անի Շահինյանը Ռուսաստանից: Ուսանողները այցելեցին բազմաթիվ ցուցասրահներ: Խանջյան սրահը ուսանողներին ոգեշնչեց այն ձեռքբերումներով, որ հայ ժողովուրդն ունեցել է դարեր ի վեր: <<Վիրտուալ այցելությունները շատ հետաքրքիր են, որովհետև մեզ տրամադրում են մշակութային, պատմական, գեղարվեստական տպավորություններով լի մի ամբողջ փաթեթ>>,- իր մտքերը արտահայտեց Տանյա Սարգսյանը Ֆրանսիայից: Էդուարդ Մեսրոպյանը հավելեց. <<Այս միջոցառումները օգտակար և անհրաժեշտ են շատ առումներով` լեզվաբանական, մշակութային, տեղեկատվական, պատմական, կրթական և հայրենասիրական>>: <<Փոփ հաղորդակցում>> կոչվող ժամանակակից արվեստի ցուցասրահը, Լիբենսկի Բրիխտովայի ապակյա ստեղծագործությունների ցուցասրահը, <<կոլեկցիոների ներաշխարհում>> սրահը, ինչպես նաև սվարովսկի լուսագուլպաների և բյուրեղյա պալատը հիացրեցին ուսանողներին ժամանակակից արվեստի իրենց եզակի լուծումներով: Շրջագայությունը վստահորեն ևս մեկ վայր ավելացրեց ուսանողների տեսարժան վայրերի ցանկում`ընդարձակելով Հայաստանի և իր տեսարժան վայրերի մասին ունեցած իրենց աշխարհայացքը: Այսպիսով, վիրտուալ այցելությունները ծառայում են մեկ կարևոր նպատակի, այն է`ստեղծել վիրտուալ համայնք ՀՎՀ-ի շուրջը և տալ հայերեն շնչելու և մտածելու ոգին: Վիրտուալ այցը, հետևաբար, իսկապես կարող է դիտարկվել որպես հաջողություն, եթե այսօրվա ուսանողները վաղը կարողանան այն վերածել իրականի: <<Ես շատ սիրեցի այս վիրտուալ այցը: Ես երբեք չեմ եղել Հայաստանում, բայց հույս ունեմ ապագայում գնալ այնտեղ և ինձ համար բացահայտել շատ գեղեցիկ վայրեր>>- իր ցանկություններով կիսվեց Լենդսի Պեկամը ԱՄՆ-ից: