login
Շախմատային համահայկական համայնք

2020թ. հունիսի 8-26-ը ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շախմատի համահայկական առաջին առցանց մրցաշարը: Համավարակի պատճառով մեկուսացման պայմաններում գտնվող միլիոնավոր հայ ուսանողներ և շախմատիստներ ձգտում էին կապեր հաստատել նմանատիպ հետաքրքրություններ ունեցող հայերի հետ։ ՀՎՀ-ն իր բազմամյա փորձառությամբ կարող էր ստեղծել այդպիսի մի միջավայր։
 

Մրցաշարի 520 մասնակիցները ներկայացնում էին 36 երկիր և 5 տարածաշրջան՝ Ամերիկա, Հայաստան և Արցախ, Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա, Ասիա և Օվկիանիայի երկրներ։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը վիճարկեցին տարածաշրջանային կիսաեզրափակիչների և եզրափակչի երեք տուրերի հաղթողները: Մրցախաղերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հետևելու ՀՎՀ-ի շախմատի մուլտիմեդիա առցանց դասընթացներին և շախմատի հայ չեմպիոնների հետ շախմատային առցանց դասեր անցկացնել՝ իրենց շախմատային հմտությունները զարգացնելու և խաղերին նախապատրաստվելու համար: Երեք մրցանակակիրների անունները հայտարարվեցին մրցաշարի փակման առցանց արարողության ընթացքում:
 

Մրցաշարի անցկացման նպատակը ոչ միայն նոր հայ տաղանդների բացահայտումն էր, այլ նաև, որն առավել կարևոր էր, ստեղծել հայ շախմատասերների գլոբալ համայնք։
 

Շախմատի համահայկական 2-րդ ճամբարը և մրցաշարը մեծ հաջողությամբ անցկացվեց առցանց 2021 թվականի հուլիս 26-ից օգոստոսի 12-ը։ Առաջին տարվա հաջողություններից հետո՝ 2-րդ մրցաշարի կազմակերպիչները հարստացրեցին և ընդայնեցին ծրագիրը։ Մրցաշարին նախորդեց մեկշաբաթյա ճամբարը, որի ընթացքում կազմակերպվեցին վարպետաց դասեր և համաժամանակյա առցանց խաղեր։ Բոլոր մասնակիցները ստացան վկայականներ, իսկ հաղթողները՝ մրցանակներ։
 

2020 թվականից ի վեր շախմատի համահայկական ճամբարը և մրցաշարը խոշոր և սպասված միջոցառում է ամբողջ աշխարհից ժամանած շախմատասերների համար: Մրցաշարերի, խաղերի, վարպետության դասերի, շախմատի չեմպիոնների հետ հանդիպումների և այլ հետաքրքիր միջոցառումների շրջանակում մեկտեղ են հավաքվում ընդհանուր հետաքրքրություններ ունեցող հայերը, ինչպես նաև խթանվում է շախմատային կրթությունը:
 

Տարիների ընթացքում մրցաշարն ունեցել է մասնակիցներ ավելի քան 30 երկրներից և գրավել բազմաթիվ երիտասարդ շախմատասերների ուշադրությունը։
 

ՀԲԸՄ ՀՎՀ-ն տրամադրում է նաև հարթակ՝ շախմատի համահայկական համայնք, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել տարբեր նյութեր, դիտել նախորդ խաղերն ու մրցաշարերը, տեղեկանալ առաջիկա իրադարձությունների մասին և հաղորդակցվել այլ մասնակիցների հետ: Այսօր էլ ՀՎՀ-ն շարունակում է ակտիվ պահել վիրտուալ այս հարթակը՝ առաջարկելով շախմատային հմտությունների զարգացման և հաղորդակցային կապերի ստեղծմանն ուղղված նոր գաղափարներ ու ծրագրեր:
 

Շախմատի համահայկական առաջին մրցաշարի փակման առցանց արարողությունը` https://www.youtube.com/watch?v=D6lSINT-6Rs:

Շախմատի համահայկական 2-րդ ճամբարի և մրցաշարի փակման առցանց արարողության տեսագրությունը` https://www.youtube.com/watch?v=JRyT9lZyKzE:

Շախմատի համահայկական 3-րդ ճամբարի և մրցաշարի ամփոփում՝ https://www.youtube.com/watch?v=v14aMSsOiik:

Մուտք գործել հարթակ