ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը համագործակցում են ի նպաստ հայապահպանության
10/20/2018
ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Վերջինս պաշտոնապես հաստատում է նախարարության և ՀՎՀ-ի միջև ձևավորված երկարատև համագործակցությունը՝ միտված հայ ինքնության պահպանմանը սփյուռքում: Հուշագրի համաձայն համալսարանը կաջակցի նախարարությանը երիտասարդական, հայրենաճանաչողական ու այլ ծրագրերի շրջանակներում կրթական միջոցառումների իրականացմանը: ՀՎՀ-ն նաև հայոց լեզվի, պատմության և մշակույթի դասընթացներ կտրամադրի նախարարության կողմից կազմակերպվող «Քայլ դեպի տուն», ինչպես նաև այլ ծրագրերի մասնակիցներին:
«Ուղղակի անհրաժեշտություն է մեզ համար ունենալ այնպիսի գործընկեր, ինչպիսին է Հայկական Վիրտուալ Համալսարանը»,- իր ելույթում նշեց ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: «Սփյուռքի նախարարությունը ստանձնում է պատասխանատվություն տարածել ծրագիրը սփյուռքում, որովհետև որակյալ գիտելիքներ ստանալու հնարավորությունը, որն ընձեռում է համալսարանը, էական է: Դեռ փոքր լսարան է օգտվում դրանից: Նախարարությունը խրախուսելու է, որ համալսարանն ավելի շատ ներկայացվի համայնքներում»,-շեշտեց Հայրապետյանը:
ՀՎՀ հիմնադիր նախագահ Երվանտ Զորյանը նշեց. «Սփյուռքի նախարարությունը և Հայկական վիրտուալ համալսարանը մեկ ընդհանուր նպատակ ունեն՝ պահպանել և զարգացնել հայկական ինքնությունը մերօրյա արագ փոփոխվող աշխարհում: Հավատարիմ մնալով այս առաքելությանը և միավորելով մեր ջանքերը՝ մենք կհարստացնենք ու առավել արդյունավետ կդարձնենք մեր ծրագրերը՝ ի նպաստ սփյուռքի հայության»:
Այս համագործակցությունն ի գործ դրվեց «Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկով, որի 440 մասնակիցները հայոց լեզու, պատմություն և մշակույթ սովորեցին 8-օրյա դասընթացների ընթացքում: Ծրագրի կրթական բաղադրիչի հիմքում ՀՎՀ-ի օնլայն դասընթացներն էին և հիբրիդ կրթության մեթոդը՝ օնլայն և ավանդական կրթության համակցմամբ: ՀՎՀ-ն նաև անվճար կազմակերպեց ծրագրում ընդգրկված ավելի քան 20 ուսուցիչների վերապատրաստումը:
Նկարներով, տեսանյութերով և ինտերակտիվ վարժություններով հարուստ օնլայն դասերի շնորհիվ դասընթացները դարձան հետաքրքիր և արդյունավետ, իսկ բովանդակությունը հարմարեցված էր ուսանողների լեզվի իմացության մակարդակին: Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ստացան ՀՎՀ վկայական: ՀՎՀ-ն նրանց համար կազմակերպեց նաև միջոցառումների շարք՝ ներկայացնելու համալսարանի ծրագրերը և օնլայն կրթության հնարավորությունները:
«Քայլ դեպի տուն» ծրագրի ներուժը բարձրացնելու նպատակով ՀՎՀ-ն մասնակիցներին տվեց ուսումն օնլայն շարունակելու և իրենց նախընտրած մեկ դասընթացին անվճար հիմունքներով մասնակցելու հնարավորություն: Նրանցից մի քանիսն արդեն գրանցվել են ՀՎՀ-ում ուսումը շարունակելու համար: