ՀՎՀ-ն ընդլայնում է իր համագործակցության շրջանակը
11/11/2019
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի աշխարհագրությունը հետզհետե ընդարձակվում է, քանզի հայկական նոր համայքներ և դպրոցներ միանում են ՀՎՀ-ի ծրագրերին: Հարավային Ռուսաստանի հայկական հնագույն երկու համայնքները համագործակցում են ՀՎՀ-ի հետ՝ խթանելու և պահպանելու մայրենի լեզուն ու մշակույթը, հատկապես երիտասարդների շրջանում:
2011թ. Ռոստովում ուսանողների առաջին խումբը սկսեց արևելահայերեն սովորել ՀՎՀ-ի առցանց ծրագրով: Համագործակցությունը նոր թափ ստացավ 2019թ. այդ համայնքների ներկայացուցիչների և ՀՎՀ-ի թիմի համատեղ ակտիվ աշխատանքի արդյունքում: Ռոստովի նահանգի թվով 7 ուսուցիչներ միացան վերապատրաստման դասընթացին՝ նպատակ ունենալով ծանոթանալ առցանց կրթության մեթոդաբանությանը, հիբրիդ կրթության առանձնահատկություններին և այն դասընթացի բովանդակությանը, որը հետագայում պետք է դասավանդեն իրենց աշակերտներին:
Այս ընթացքում ՀՎՀ-ն պարբերաբար սոցիալ-մշակութային առցանց միջոցառումներ է կազմակերպել համայնքի անդամների համար: 2019թ. դեկտեմբերին Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի աշակերտներն իմացան, թե ինչպես էին հնում հայերը տոնում Նոր տարին և Սուրբ ծնունդը, որ սովորույթներն են փոփոխվել կամ պահպանվել մինչև օրս: Ռոստովում գործող «Արևիկ» լեզվի խմբակի սաները վիրտուալ այցելեցին Մատենադարան: Հանդիպման մասին հոդված գրվեց, որտեղ հայոց լեզվի ուսուցչուհի Արմինե Հովսեփյանը մասնավորապես նշում է. «Շնորհակալ ենք ՀՎՀ-ին այս բացառիկ հնարավորության համար: Լիահույս ենք, որ նման միջոցառումներ դեռ շատ կկազմակերպենք»: Հոդվածը տեղադրվեց համայնքի կայքում, որտեղ մանրամասն տեղեկություններ կան նաև ՀՎՀ-ի գործունեության և ծրագրերի մասին:
2019թ. ՀՎՀ-ն ակտիվ համագործակցություն սկսեց Վլադիկավկազի հայ համայնքի «Էրեբունի» կրթամշակութային կազմակերպության հետ: Տեսակոնֆերանսի ընթացքում ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները, իսկ համայնքի ներկայացուցիչները և հայոց լեզվի ուսուցչուհի Ասյա Մարդոյանը խոսեցին ծրագրի կարևորության մասին՝ ցանկություն հայտնելով որդեգրել այն՝ այս կերպ իրենց համայնքում ևս տարածելու և խթանելու հայոց լեզուն ու մշակույթը, ամրապնդելու համայնքային կապերը: 2020թ. փետրվարից համայնքի կենտրոնում գործող մեկօրյա դպրոցի 15 աշակերտները սկսեցին արևելահայերեն սովորել ՀՎՀ-ի առցանց ծրագրով: