login
Հոդվածներ
ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագրի և ՀՎՀ-ի համագործակցությունը` որպես հիբրիդ (խառը) կրթության լավագույն փորձ 07/31/2016
2016 թվականի ամռանը ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագրի 18 մասնակիցները ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի շրջանակներում հարստացրեցին արևմտահայերենի իրենց գիտելիքները: Ծրագիրը մեկնարկեց սույն թվականի հունիսի 20-ին և ավարտվեց հուլիսի 29-ին: Մասնակիցները բաժանվեցին երկու խմբի՝ ըստ լեզվի տիրապետման մակարդակի: ՀՎՀ-ի առցանց ուսուցիչներ Անի Դեկիրմենչյանը և Զեփյուռ Խպլիկյանը, օգտագործելով առցանց ուսումնական նյութերը, ուսանողներին ուղղորդեցին ողջ ծրագրի ընթացքում: Ծրագրի ավարտին ՀԲԸՄ-ն կազմակերպեց պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում ՀՎՀ-ի կրթական մասի տնօրեն դոկտոր Հասմիկ Խալափյանը մասնակիցներին հանձնեց ՀՎՀ վկայականներ՝ արևմտահայերենի դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Մասնակիցներն էլ, ի պատասխան, շնորհակալություն հայտնեցին դոկտոր Խալափյանին և առցանց ուսուցիչներին փոխանցած հարուստ գիտելիքների և հաճելի փորձառության համար: Նրանք նշեցին, որ ցանկանում են մասնակցել ՀՎՀ-ի դասընթացներին նաև ծրագրի ավարտից հետո: Հատկապես տպավորիչ էր մասնակիցների հանդիպումը ՀՎՀ-ի հիմնադիր և նախագահ դոկտոր Երվանդ Զորյանի հետ: Երևանյան գողտրիկ անկյուններից մեկում տեղի ունեցած մտերմիկ հանդիպման ընթացքում դոկտոր Զորյանն անկեղծ զրույց-քննարկում ունեցավ երիտասարդների հետ, լսեց նրանց պատմությունները, տեղեկացավ նրանց համայնքներում ունեցած ձեռքբերումների, ինչպես նաև յուրաքանչյուրի հետագա ծրագրերի մասին: ՀՎՀ-ի հայոց լեզվի դասընթացն ամառային փորձառության ծրագրի մասնակիցների կրթական անբաժան բաղադրիչն է հաջորդող չորս տարիների ընթացքում: Հայաստան ժամանելու առաջին իսկ օրվանից մասնակիցները սովորում և կիրառում են իրենց մայրենի լեզուն՝ ստանալով առցանց և հիբրիդ (խառը) ուսուցման լավագույն փորձառությունը: