login
Հոդվածներ
Մոսկվայի Հայորդաց տան ուսանողները տեղեկացան Հայկական վիրտուալ համալսարանի մասին 03/28/2016
ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, ՀՎՀ-ի գործունեությունը հայկական համայնքներում ներկայացնելու նպատակով անցկացվող հանդիպումների շարքը շարունակելով, 2016 թվականի մարտի 28-ին ժամանեց Մոսկվա: Նա հանդիպում ունեցավ Նոր Նախիջևան թեմի Հայորդաց տան ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ պարոն Սմբատ Լպուտյանը: Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ-ի օնլայն կրթության ծրագիրը՝ ընդգծելով վերջինիս առաքելությունը և նպատակները: Նա նաև խոսեց ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի մասին՝ խրախուսելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը: Պարոն Սմբատ Լպուտյանն իր հերթին շեշտադրեց ՀՎՀ-ի օնլայն շախմատ ծրագրի կարևորությունը՝ ներկայացնելով այն առավելությունները, որոնք կհետաքրքրեին շախմատի սիրահարներին: Հայորդաց տան տնօրեն պարոն Հմայակ Գևորգյանը հյուրերին ուղղված իր շնորհակալական խոսքում փաստեց, որ նման հանդիպումները և ծրագրերը հայրենիքից հեռու ապրող երիտասարդներին օգնում են տեղեկություններ ստանալ Հայաստանի մասին, ինչպես նաև հաղորդակցվել հայ դասընկերների հետ և, հետևապես, սերտ կապված մնալ իրենց արմատներին: