Սփյուռքի նախարարությունը և ՀՎՀ-ն տոնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված Մայրենի լեզվի միջազգային օրը
02/28/2017
1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտպանում է մայրենի լեզվի իրավունքները` հովանավորելով բազմալեզու կրթությունը Մայրենի լեզվի միջազգային օրվա շրջանակներում: Օրվա գլխավոր նպատակն է խթանել լեզվական գլոբալ կրթությունը և միջմշակութային հաղորդակցությունը: Այս տարի ևս փետրվարի 21-ին Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ անցկացվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում և աշխարհի բազմաթիվ երկրներում:
Հայաստանում Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների ակտիվ մասնակիցը դարձավ նաև ՀՎՀ-ն: Համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ ՀՎՀ-ն մասնակցեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցած Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառքին, Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած կլոր-սեղան քննարկմանը և արևմտահայերենի պահպանության հարցերին նվիրված Հայաստան-Լիբանան հեռակոնֆերանսին: Օրվա շրջանակներում ՀՎՀ-ն վիրտուալ ակումբ-զրուցարան կազմակերպեց իր շրջանավարտների հետ, իսկ միջոցառումների շարքն ամփոփեց՝ առցանց (օնլայն) կապ ստեղծելով Հալեպի և Երևանի հայկական դպրոցների միջև:
Միջոցառումների շարքի սկիզբն ազդարարվեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 18-21-ը տեղի ունեցած Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառքով: ՀՎՀ-ի և Սփյուռքի նախարարության համատեղ տաղավարում ՀՎՀ–ն ներկայացրեց իր մուլտիմեդիա էլ. գրքերի շարքը և հայերենի առցանց (օնլայն) դասընթացները՝ ցուցադրելով նոր սերնդի սովորողների համար մշակված և նրանց պահանջները բավարարող ծրագիրը ժամանակակից լուծումներով: Ցուցահանդես-վաճառքի բացմանը ներկա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց հետևյալը. «Այս եզակի հաստատությունը միշտ առանձնանում է իր նորարարական գաղափարներով: Էլեկտրոնային հրապարակումներն մինչ այսօր բացակայում էին նոր սերնդի ընթերցողների համար: Նախարարությունը կաջակցի համալսարանին՝ բարձրացնելու էլ. գրքերի մասին իրազեկվածությունը»:
Համայն հայությանը միավորելու գործընթացում ՀՎՀ-ի համար մայրենի լեզուն ամենազորեղ միջոցն է, և, հետևաբար, ՀՎՀ-ի մասնակցությունը փետրվարի 20-ին տեղի ունեցած կլոր-սեղան քննարկմանը շատ կարևոր էր: Կլոր-սեղան քննարկումը, որ կազմակերպել էին ՀՎՀ-ն, ՀՀ սփյուռքի նախարարությունը և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, կրում էր «Հայերենը դասագրքերում» խորագիրը: Քննարկման ընթացքում ՀՎՀ-ն հաջողությամբ ներկայացրեց հայոց լեզվի տարածմանն ուղղված իր նորարարական մոտեցումները: ՀՎՀ հիմնադիր դոկտ. Երվանդ Զորյանը տեսակապով միացավ միջոցառմանը՝ ընդգծելով մեր լեզվի կարևորությունը համայն հայերին միավորելու գործում: ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը խոսեց ՀՎՀ-ի ուսումնական առցանց նյութերի մշակման փորձի մասին: Նա փաստեց. «Հեռավար ուսուցումը և արդի տեխնոլոգիաների կիրառումն իրենց ուրույն տեղը պետք է ունենան նոր մշակվող լեզվաքաղաքականությունում, իսկ կազմվելիք դասագրքերը պետք է հասանելի լինեն նաև հայկական սփյուռքի համար»: Փետրվարի 24-ին տեղի ունեցած Հայաստան-Լիբանան հեռակոնֆերանսը նվիրված էր արևմտահայերենի պահպանության հարցերին: Միջոցառման ընթացքում ՀՎՀ ակադեմիական գծով տնօրեն դոկտ. Հասմիկ Խալափյանը և արևմտահայերենի հեռավար ուսուցիչ Զեփյուռ Խբլիկյանը կրկին ընդգծեցին առցանց ուսուցման մեթոդների օգտագործման կարևորությունը 21-րդ դարի սերնդի դասավանդման գործընթացում, խոսեցին արևմտահայերենի պահպանությանն ուղղված ՀՎՀ-ի ակտիվ գործունեության մասին:
Հայոց լեզվի գիտելիքները բարելավելու և աշխարհասփյուռ հայերի միջև կապն ամրապնդելու նպատակով ՀՎՀ-ն փետրվար-մարտ ամիսներին կազմակերպեց նաև էլ. ակումբ-զրուցարան՝ նվիրված Մայրենի լեզվի օրվան: Այս հանդիպումները ՀՎՀ-ի միասնական հարկի տակ համախմբեցին համալսարանի ներկա ուսանողներին և շրջանավարտներին:
Եվ որպես ամփոփում, մարտի 2-ին ՀՎՀ-ն օնլայն կապ հաստատեց Հալեպի ՀԲԸՄ Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան կենտրոնական վարժարանի և Երևանի Ֆ. Նանսենի անվան N150 հիմնական դպրոցի միջև: Թեման լեզվի ուսուցումն էր Սփյուռքում և Հայաստանում:
Մայրենիի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շնորհիվ ՀՎՀ-ն շարունակեց պահպանել իր կապը հայկական գլոբալ համայնքի հետ՝ փոխանցելով այն արժեքները, որոնց հավատարիմ է մնացել համալսարանի հիմնադրման օրվանից: