login
Հոդվածներ
Երուսաղեմի Սուրբ Թարգմանչաց հայկական դպրոցը նախատեսում է համագործակցել ՀՎՀ հիբրիդ ծրագրի հետ 12/05/2016

ՀՎՀ հիբրիդ ծրագիրը շարունակում է նորանոր հաջողություններ արձանագրել և իր ուսուցման նորարարական մեթոդներով մեծ հետաքրքրություն առաջացնել։ Երուսաղեմ կատարած իր վերջին այցի ժամանակ ՀՎՀ հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը հանդիպեց Սուրբ Թարգմանչաց հայկական դպրոցի տնօրենի հետ։ Դպրոցը վաղուց արդեն նախատեսում էր ընդգրկել ՀՎՀ հայոց պատմության դասընթացը իր ուսումնական ծրագրում։

 

Դպրոցի տնօրեն Տ. Նորայր Վրդ. Կազազյանի և պատմության ուսուցիչ Հարութ Բաղամյանի հետ հանդիպման ընթացքում դոկտոր Զորյանը ընդգծեց հիբրիդ կրթության առավելությունները, որը ավանդական և առցանց /հեռավար կրթության միախառնումն է, և հատկապես կարևորեց դպրոցներին ու համայնքներին ուսանողների պահանջներին և ուսումնական ծրագրին համապատասխան անհատականացված դասընթացներ տրամադրելու հնարավորությունը։

 

Դպրոցը մոտ ապագայում նախատեսում է միանալ հիբրիդ ծրագրին, որպեսզի կարողանա օգտվել հիբրիդ կրթության առավելություններից, ինչպես նաև ծրագրի շրջանակներում կազմակերպվող սոցիալ-մշակութային միջոցառումներից։ Նման սոցիալ-մշակութային միջոցառումների և օնլայն հանդիպումների շնորհիվ ՀՎՀ-ն և Սուրբ Թարգմանչաց հայկական դպրոցը կօգնեն ոււսանողներին ամրապնդել իրենց կապը հայրենիքի հետ, ինչպես նաև հաղորդակցվել աշխարհասփյուռ հայերի հետ։

 

Երուսաղեմ կատարած այցի ժամանակ դոկտոր Զորյանը հանդիպեց նաև Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Պատրիարքը իր գնահատանքը հայտնեց ՀՎՀ-ին հայապահպանության գործում իր նշանակալի ավանդի համար` կարևորելով հայոց լեզվի, պատմության և մշակույթի ուսուցումը և էլեկտրոնային գրքերի շարքի ստեղծումը։ Պարոն Զորյանը հանդիպեց նաև «Սիոն» ամսագրի գլխավոր խմբագիր Մինաս Կոջոյանի հետ և քննարկեց համագործակցության հետագա պլանները։

Պարոն Զորյանի այցը հայ համայնքի և վարժարանի հետ նոր համագործակցության հիմք դրեց։