Ինտերնետը որպես հայկական միասնության նոր ձև. ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղը հյուրընկալել է Երվանդ Զորյանին
09/04/2014
Տեղեկատվության և կապի տեխնոլոգիաները եկան ի չիք դարձնելու ոչ միայն մարդկային թռիչքի, այլ նաև հեռավորության պատնեշները: Միասնական լինելու հայկական երազանքը, որն անիրական էր թվում հազարավոր տարիներ շարունակ, այժմ իրականություն է դառնում ինտերնետի շնորհիվ: ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) վերջերս Մոնրեալի հայերին միավորեց իր մեծ հայկական վիրտուալ ցանցում:
2014 թվականի սեպտեմբերի 4-ին ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղը հյուրընկալեց Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանին: ՀԲԸՄ Մոնրեալի Դեմիրճյան սրահում դոկտոր Զորյանը դասախոսություն կարդաց Մոնրեալի հայկական համայնքի ներկայացուցիչների, ՀԲԸՄ երիտասարդ անդամների, ՀՎՀ-ի Կանադայում բնակվող ուսանողների և ներկաների համար: ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի ղեկավար պարոն Շահե Թանաշյանն իր ողջույնի խոսքում նշեց ՀՎՀ-ի կարևորությունը սփյուռքի ներկայացուցիչներին իրենց մայրենի լեզուն սովորեցնելու գործում:
Այնուհետև դոկտոր Երվանդ Զորյանը ողջունեց կանադական համայնքին և լսարանին մանրամասնորեն ներկայացրեց ՀՎՀ-ի գործունեությունը: Ելույթին հաջորդեց հարց ու պատասխանը, ինչը ցույց տվեց, որ ՀՎՀ օնլայն ուսուցիչների կողմից դասավանդվող լեզվի, պատմության և մշակույթի դասընթացները մեծապես հետաքրքրեցին ներկաներին և, հատկապես, ՀԲԸՄ Մոնրեալի դպրոցի ուսուցիչներին: Հանդիպմանը ֆիզիկապես և վիրտուալ ներկա էին նաև ՀՎՀ-ի Կանադայում բնակվող ուսանողները և շրջանավարտները, ովքեր խոսեցին օնլայն կրթության արդյունավետության մասին: Նրանց ելույթները ներկաների համար իրական վկայություններ դարձան: Ակնհայտ էր, որ ՀՎՀ-ի ուսուցման նորարարական մոտեցումը կարող է կրթական նոր հորիզոններ բացել Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի համար:
Դասախոսությունը հասավ իր որդեգրած նպատակին՝ «Ով ենք մենք և ինչ ենք անում ՀՎՀ-ում», ինչը ջերմորեն ընդունվեց Մոնրեալի հայկական համայնքի կողմից: