2010 թվականի հուլիսի 2-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) նշեց իր մեկամյա գործունեությունը` կազմակերպելով համընդհանուր օնլայն ֆորում (ՀՕՖ), որի ընթացքում արտացոլվեցին արդեն իսկ ունեցած ձեռքբերումները և քննարկվեցին հայկական օնլայն կրթության ապագա հեռանկարները:
Մեկնարկելով 2009 թվականի հունիսի 2-ից` ՀՎՀ-ն առաջին հայկական կազմակերպությունն է, որի գերնպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հայկական կրթությունը հասանելի դարձնել բոլորին և ամենուր: ՀՎՀ-ում ուսուցումն իրականացվում է վեց լեզուներով` արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իսպաներեն: Իր մեկամյա գործունեության ընթացքում Հայկական վիրտուալ համալսարանն ունեցել է չորս կրթական շրջան, 550 մասնակից 35 երկրներից: ՀՎՀ-ի ընդարձակ աշխարհագրությունը հասնում է ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Վենեսուելայից մինչև Հարավային Աֆրիկա, Արգենտինայից մինչև Ռեունիոն կղզի` ապացուցելով, որ ՀԲԸՄ-ի նոր կրթական ծրագիրն արդարացնում է իր նպատակը, այն է` հաղթահարել տասնամյակների ընթացքում հայկական Սփյուռքի առջև ծառացած կրթական խոչընդոտները:
Իր բացման խոսքում ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ և ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ-ի գործունեությունը և նախորդ տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները: Աշխարհում գործող հազարից ավելի օնլայն համալսարանների շարքում ՀՎՀ-ն առաջինն է, որ նվիրված է հայկական կրթությանը: Դոկտոր Զորյանը հավաստեց, որ այսօր աշխարհում հայ երիտասարդների միայն հինգ տոկոսն ունի հայկական ավանդական կրթություն ստանալու հնարավորություն:
ՀՎՀ-ի ծրագիրը նախաձեռնվել է 2004 թվականին ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի կողմից, որպես հայկական Սփյուռքի և մերօրյա ոսանողների ներկա պահանջները բավարարող կրթական ծրագիր:
Այդ օրվանից ի վեր, ծրագրում կիրառվող տեխնոլոգիաները բազմակողմանիորեն զարգացել են Հայաստանում Երևանի պետական համալսարանի գիտնականների և ինժեներների անմիջական համագործակցության արդյունքում: Նա բարձր գնահատեց Երևանի պետական համասարանի ՏՏ կրթության և հետազոտության կենտրոնի հետ համագործակցությունը ՀՎՀ-ի դասընթացի բովանդակության զարգացման գործում:
Իր շնորհավորական խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀԲԸՄ-ին և Երևանի պետական համալսարանին նման բարձր որակի օնլայն համալսարան ստեղծելու համար: Նա նաև առաջարկեց ՀՎՀ-ի բոլոր շրջանավարտ ուսանողներին հրավիրել Հայաստան և կազմակերպել ավարտական միջոցառում:
ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի և աշխարհում գործող օնլայն կրթության մեծագույն համալսարաններից մեկի` Փենիքսի համալսարանի տնօրենների խորհրդի անդամ դոկտոր Կարոլ Ասլանյանը խոսեց օնլայն կրթության վերջին զարգացումների և նորամուծությունների մասին, ներկայացրեց որոշ վիճակագրական վերլուծություններ: Այնուհետև Կալիֆորնիայի Բերկլի քաղաքից ֆորումին միացավ օնլայն կրթության մասնագետ պրոֆեսոր Մոլի Ֆրիմանը` ներկայացնելով ոլորտի առանձնահատկությունները և ՀՎՀ-ի ստանձնած առաքելության կարևորությունը:
Համընդհանուր օնլայն ֆորումին տեսակամուրջի օգնությամբ մասնակցեցին օնլայն կրթության մասնագետներ, ՀՎՀ-ի օնլայն ուսուցիչները և ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում ուսանողներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և ԱՄՆ-ից:
Ուսանողները խոսեցին ՀՎՀ-ի օնլայն կրթության իրենց փորձի մասին և պատասխանեցին լսարանի հարցերին: Մի քանի ուսանողներ, ովքեր Հայաստան էին ժամանել ամռան ընթացքում, անձամբ մասնակցեցին Երևանում տեղի ունեցող միջոցառմանը և ներկայացրեցին իրենց ուսումնառության փորձը, կարծիքները: Իր մեկամյա գործունեության ընթացքում ՀՎՀ-ն կիրառել է նաև կրթության խառը մեթոդը, որի նպատակն է դպրոցներին և կրթական հաստատություններին տրամադրել կրթություն ավանդական և օնլայն մանկավարժության համադրությամբ:
ՀՎՀ-ն այս մեթոդն առաջին անգամ կիրառեց Շարժայի (ԱՄԷ) Օհանեսյան դպրոցի հետ: ՀՕՖ-ին միացավ վերընշված դպրոցի խորհրդի նախագահ պրն. Հրաչ Բրոնսուզյանը և ներկաների հետ խոսեց իրենց իսկ դպրոցում կիրառված մեթոդի արդյունավետ փորձի մասին: Տեսակամուրջի միջոցով ֆորումին միացավ նաև ՀԲԸՄ-ի Հալեպի Լազար Նաջարյան Գալուստ Գյուլբենկյան դպրոցը` ներկաների հետ կիսելով իրենց ոգևորությունը առաջիկա 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում նման դասարան ունենալու համար:
Այսօր ՀՎՀ-ում կա երեք ֆակուլտետ` հայոց լեզու, պատմություն և մշակույթ, որոնք ներառում են տարբեր մակարդակների դասընթացներ: Մեկ նոր դասընթաց` հայկական երաժշտության պատմություն, կմեկնարկի ՀՎՀ-ի աշուն 2010 ուսումնական շրջանից: Դասընթացի հեղինակն է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մհեր Նավոյանը, ով միացավ ֆորումին և հակիրճ ներկայացրեց դասընթացի կառուցվածքը, նպատակները: Պրն. Արթուր Ավագյանը` ԵՊՀ դասախոս և ՀՎՀ-ի զարգացման ծրագրի ղեկավար, ներկայացրեց ՀՎՀ-ում դասընթացի կառավարման համակարգը: Չորս օնլայն ուսուցիչները խոսեցին վիրտուալ դասարանների ընթացքում կազմակերպվող խմբային նախագծերի, ֆորում-քննարկումների և դասընթացի առաջադրանքների մասին:
Տիկին Թալար Կազանջիյանը Վրաստանից և պարոն Դավիթ Աբրահամյանը Հարավային Աֆրիկայից խոսեցին հայկական աշխարհասփյուռ համայնքներում Հայկական վիրտուալ համալսարանի ունեցած ազդեցության մասին:
ՀՎՀ-ի խորհրդի անդամ և ԵՊՀ ՏՏ կրթության և հետազոտության կենտրոնի նախագահ պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը իր խոսքով եզրափակեց համընդհանուր օնլայն ֆորումը: Հյուրերը հրավիրվեցին տոնելու Հայկական վիրտուալ համալսարանի տարեդարձը:
Հայկական վիրտուալ համալսարանի մասին
ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի կողմից 2004 թվականին նախաձեռնված Հայկական վիրտուալ համալսարանի առաքելությունն է հայկական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռնել բոլոր հետաքրքրված անհատներին և խմբերին, ամբողջ աշխարհում: Օգտագործելով համաժամանակյա և տարաժամանակյա հաղորդակցության միջոցներ` ՀՎՀ-ն թույլ է տալիս ուսանողներին սովորել նոր նյութն իրենց նախընտրած տեմպով, ինչպես նաև դեմ առ դեմ հանդիպել օնլայն ուսուցիչների և վիրտուալ դասընկերների հետ: Աշխարհում օնլայն կրթության բնագավառում տեղի ունեցող վերջին նվաճումների հետ մեկտեղ իր համալսարանական մակարդակի դասընթացների միջոցով ՀՎՀ-ն ստեղծում է վիրտուալ ուսումնական հանրություն, ինչը նպաստում է, ինչպես մշակութային, այնպես էլ սոցիալական կապերի հաստատմանը` ներառելով շատ ուսանողներ հայկական Սփյուռքից: