ՀՎՀ հիմնադիր դոկտ. Զորյանի այցը Ժնևի հայկական դպրոց և գրադարան
03/30/2017
Հետամուտ լինելով հայկական համայնքներում ՀՎՀ-ի մասին իրազեկվածության բարձրացմանը՝ ՀՎՀ հիմնադիր դոկտ. Երվանդ Զորյանը սույն թվականի մարտին այցելեց Ժնև, որտեղ հանդիպումներ ունեցավ հայ համայնքի անդամների և հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ:
ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ և Ժնևի ականավոր հայ պարոն Վահե Գաբրաշին հյուրընկալեց դոկտ. Զորյանին՝ ուղեկցելով նրան համայնքային բոլոր կառույցներում: Դոկտ. Զորյանը մի շարք հանդիպումներ ունեցավ Ժնևի հայկական կենտրոնում: Հանդիպումների ընթացքում նոր համագործակցության հիմքեր դրվեցին:
Դոկտ. Զորյանի առաջին հանդիպումը Ժնևի Թոփալյան հայկական դպրոցի աշակերտների հետ էր: Աշակերտները տեղեկացան առցանց (հեռավար) ուսուցման տարբեր հնարավորությունների մասին, որ ՀՎՀ-ն առաջարկում է դպրոցներին/խմբերին և անհատ ուսանողներին: Այցի ընթացքում դոկտ. Զորյանը հանդիպեց Թոփալյան դպրոցի ներկայացուցիչներ Անի Մեսրոպյանի և Նևրիկ Ազատյանի հետ: Նրանք քննարկեցին ՀՎՀ-ի հիբրիդ կրթության մեթոդը դպրոցի ուսումնական ծրագրում ներառելու հետ կապված հարցերը: Ծրագիրը նախատեսված է 2017 թվականի սեպտեմբերի համար և կընդգրկի դպրոցի բարձր դասարաններից երկուսը:
Դոկտ. Զորյանը եղավ նաև Ժնևի հայկական եկեղեցուն կից գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ գրադարանում: Վերջինս իր հնագույն և նոր գրքերի հարուստ հավաքածուով ուրույն տեղ է զբաղեցնում հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում: Նևրիկ Ազատյանը՝ որպես գրադարանի հոգաբարձու/վարիչ, ևս մեկ անգամ հաստատեց իր պատրաստակամությունը՝ դառնալու ՀՎՀ-ի աջակիցը հայոց լեզուն և հայկական մշակույթը պահպանելուն ուղղված աշխատանքներում:
Համագործակցության մեկ այլ արդյունավետ կապ հաստատվեց Ժնևի ՀԲԸՄ «Երիտասարդ արհեստավարժներ» խմբի ատենապետ Ռուբինա Յակուբյանի հետ: Որպես երիտասարդ ղեկավար՝ նրան մեծապես հետաքրքրեց ՀՎՀ-ի գործունեությունը: Նա ցանկություն հայտնեց դառնալու ՀՎՀ-ի ներկայացուցիչը Ժնևում և ՀԲԸՄ «Երիտասարդ արհեստավարժներ» խմբի անդամների օգնությամբ համալսարանի ծրագրերը ներկայացնելու քաղաքում կազմակերպվող խոշոր միջոցառումների ընթացքում:
Դոկտ. Զորյանը Ժնև կատարած այցելությունն ամփոփեց Շվեյցարիայի հայ համայնքի ղեկավար Նժդեհ Խաչատուրյանի հետ հանդիպմամբ, որի ընթացքում մշակվեց համայնքի հետ հետագա համագործակցության ծրագիրը: Ժնևի համայնքային կազմակերպությունների հետ նորովի ամրապնդված կապերը կնպաստեն համայնքում ՀՎՀ-ի գործունեության տարածմանը և համալսարանի ծրագրերի միջոցով մյուս համայնքների հետ համագործակցության խթանմանը: