Հայոց լեզվի դասերը շարունակվում են Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում
11/10/2017
ՀՎՀ-ի և Երևանի Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) միջև համագործակցությունը թևակոխեց իր երկրորդ տարեշրջանը: Աշնանը Սլավոնական համալսարանի 12 հոգուց կազմված նոր խումբը սկսեց հայոց լեզվի դասընթացը:
Ավելի վաղ՝ 2017 թվականի հունիսին, մենեջմենթ և միջազգային հարաբերություններ բաժինների ուսանողների առաջին խումբը հաջողությամբ ավարտել էր մեկամյա դասընթացը և ստացել ավարտական վկայականները:
ՀՌՀ-ի ուսանողները մեծամասամբ գալիս են Ռուսաստանից կամ նախկին խորհրդային երկրներից և, կա՛մ ընդհանրապես չեն տիրապետում հայերենին, կա՛մ քիչ են տիրապետում, քանի որ չեն ունեցել հայկական դպրոց հաճախելու կամ տանը հայերեն սովորելու հնարավորություն: ՀՎՀ-ի լեզվի դասընթացի շնորհիվ նրանք այժմ կարողանում են կարճ ժամանակում սովորել արևելահայերենի հիմունքները:
Դասընթացն անց է կացվում ՀՎՀ-ի հիբրիդ կրթության մեթոդով՝ համադրելով առցանց և ավանդական դասավանդման առավելությունները: Ուսանողներն առցանց ուսումնասիրում են դասերը, իսկ ՀՎՀ-ի կրթական ծրագրի պատասխանատու Մարինա Խաչատուրյանի հետ շաբաթական հանդիպումների ընթացքում կիրառում, զարգացնում և կատարելագործում են ստացած գիտելիքները: Դասընթացը ներառում է նաև ինտերակտիվ դասախոսություններ, սոցիալ-մշակութային միջոցառումներ(օրինակ՝ այցելություն Մատենադարան) ուսումն առավել հետաքրքիր դարձնելու, ուսանողներին հայոց պատմությանը և մշակույթին ծանոթացնելու համար:
Վկայականների հանձնման օրը ուսանողների կողմից հայերենով հնչեցրած շնորհակալական խոսքերը ծրագրի հաջողության, ՀՎՀ-ի և ՀՌՀ-ի միջև երկարատև համագործակցության և խոստումնալից հեռանկարի լավագույն ապացույցը դարձան: