login
Հոդվածներ
ՀՎՀ-ի այցը Ռոստով 11/11/2014
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) միայն օնլայն դասընթացներ չի տրամադրում, այն նաև միախառնում է ավանդական և օնլայն կրթությունը ամբողջ աշխարհում սփռված հայ համայնքների և դպրոցների համար, որոնք ցանկանում են նորարարական կրթական մեթոդներ ներգրավել իրենց ուսումնական ծրագրերում: Այն դպրոցները և համայնքները, որտեղ կիրառվել է այս մեթոդը, կոչվում են հիբրիդ դպրոցներ, որոնցից 18-ը մինչ օրս ակտիվ գործունեություն են ծավալում աշխարհում: 2014թ. նոյեմբերի 11-ին ՀՎՀ թիմը այցելեց Ռուսաստանի Ռոստով քաղաքում գտնվող ՀՎՀ լաբորատորիան: Վերջինս տեղակայված է հայկական համայնքի կենտրոնում: Հիբրիդ դասարանը հագեցած է բոլոր անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով: Դասերը տրամադրվում են շաբաթական 2 անգամ: Այցի ժամանակ ՀՎՀ օնլայն ուսուցիչ Օվսաննա Ճորոխյանը Ռոստովի հայկական համայնքի անդամներին ներկայացրեց ՀՎՀ-ի վերջին նորությունները և ծրագրերը, որին հաջորդեց ներկաների հետ հարց ու պատասխանը: Մասնակիցները ծանոթացան ՀՎՀ հեռուստադպրոց նախագծին, որը ՀՎՀ-ի վերջին նորամուծություններից է: Այն ևս մեկ հնարավորություն է տալիս սփյուռքում բնակվող հայերին սովորել իրենց մայրենի լեզուն: Համայնքի անդամները մեծ խանդավառությամբ ընդունեցին ‹‹Հայկական լեռնաշխարհ›› խորագրով ՀՎՀ առաջին էլեկտրոնային գիրքը, որը համապարփակ տեղեկատվություն է տալիս Հայաստանի աշխարհագրության և պատմության մասին` հին ժամանակներից մինչև մեր օրերը: Գիրքը հագեցած է մուլտիմեդիա էֆֆեկտներով, վառ լուսանկարներով, տեսահոլովակներով և ինտերակտիվ քարտեզներով: ՀՎՀ շախմատի ծրագիրը նույնպես ներկայացվեց հյուրերին: Շախմատի օնլայն դասավանդման մեթոդը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների մոտ: ՀՎՀ պրեզենտացիային հաջորդեց հարց ու պատասխանը, որի ժամանակ ակնհայտ դարձավ, որ ուսանողները մեծ հաճույքով և ոգևորությամբ են մասնակցում հիբրիդ դասընթացներին՝ չնայած իրենց զբաղված գրաֆիկին: Այնուհետև ուսանողները կիսվեցին իրենց տպավորություններով և փորձով, ներկայացրեցին իրենց ուսումնառության գործընթացը: Հանդիպման ավարտին Ռոստովի համայնքի անդամները իրենց բարեմաղթանքները հղեցին լսարանին և ՀՎՀ թիմին: Նրանք մաղթեցին, որպեսզի ՀՎՀ-ն ավելի ընդարձակի իր սահմանները և ավելացնի հիբրիդ դասարանների թիվը շատ համայնքներում`ստեղծելով ամենամեծ հայկական համայնքը ամբողջ աշխարհում: