login
Հոդվածներ
ՀՎՀ-ն ուղիղ կապով հեռարձակում է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի հայագիտական ծրագրի կազմակերպած գիտաժողովը 04/18/2015
2015թ. ապրիլի 18-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանն ուղիղ կապով հեռարձակեց Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի հայագիտական ծրագրի կազմակերպած գիտաժողովը, որ կրում էր «Հայոց ցեղասպանության սկզբնավորումը» խորագիրը: Միջոցառման ընթացքում խոսվեց 1912-1915 ճակատագրական երեք տարիների մասին: Գիտաժողովին ներկա մի շարք անվանի գիտնականներ քննարկեցին այն ներքին և արտաքին գործոնները, որոնք հայոց ցեղասպանության սկզբնապատճառ էին հանդիսացել: Պրոֆեսոր Ստեփան Աստուրյանը`Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի հայագիտական ծրագրի տնօրենը, բացեց գիտաժողովը` խոսելով հայոց ցեղասպանագիտության` որպես հետազոտության բնագավառ, զարգացման և հեռանկարների մասին: Պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սունին իր ելույթը կառուցեց «Նրանք կարող են ապրել անապատում և այլևս ոչ մի տեղ» հարցադրման վրա` քննարկելով երիտթուրքերի էթնիկ բնաջնջման քաղաքականության տարրերը, ընդգծելով, թե երբ է զանգվածային կոտորածը համարվում «ցեղասպանություն»: Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ֆաթմա Մյուգե Գյոչեքը շեշտադրեց թուրքական քաղաքականության հետևանքով հայերի դեմ իրականացված բռնության չորս դեպքերն ըստ ժամանակային թվագրության. «Հայերի դեմ իրականացված բռնություններից ոչ մեկը` 1890-ականների կոտորածներ թե 1915թ. ցեղասպանություն, հանրապետականների ժամանակաշրջանի կոտորածներ թե, վերջերս, Հրանտ Դինքի սպանություն, մինչև այժմ չի պատժվել»: Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Մարգարետ Լավինիա Անդերսոնը փաստեց հետևյալը. «Օսմանյան կայսրությունում հայերը կայունություն էին ուզում, այլ ոչ թե տարածք»: Այդուհանդերձ, գերտերությունների անտարբերությունը լավ խթան էր Աբդուլ Համիդի և երիտթուրքերի համար իրենց ծրագրերի իրականացման գործում: Այս մասին խոսեցին Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի պրոֆեսոր Էրիկ-Ժան Զուրխերը, Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհեմը, անկախ գիտնական և խորհրդատու Կարապետ Մումջյանը և Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտնական Ռուբեն Սաֆրաստյանը: Գերմանիայի «Ժամանակակից արևելագիտության կենտրոն»-ի գիտնական Եքթան Թյուրքիլմազի հետահայաց վերլուծությունն ակներև դարձրեց այն, որ թուրքերն այնքան լավ էին ծրագրել զանգվածային տեղահանությունն ու կոտորածը, որ այն անկանխատեսելի էր անգամ թուրքական կառավարությանը շատ մոտ կանգնած հայ մտավորականների համար: Նիդեռլանդների Ուտրեխտի համալսարանի գիտնական Ուղուր Ումիթ Ունգյորի ներկայացրած աշխարհագրական քարտեզը ցույց տվեց հայկական բնակչության մարդահամարի տվյալները 1917-ից առաջ և հետո. պատկերը շոկային էր: Գրեթե բոլոր շրջաններում, որտեղ ցեղասպանությունից առաջ հայերը մեծամասնություն էին կազմում, այլևս հայ չկար: Գիտաժողովը մեծապես նպաստեց հայոց ցեղասպանության` որպես հետազոտական բնագավառ, զարգացմանը և ակտիվ քննարկում խթանեց գիտաժողովի խոսնակների և ներկաների միջև: Միջոցառման ուղիղ հեռարձակումը ՀՎՀ վեբինարների շարքի մի մասը դարձավ: Այս շարքը նպատակ ունի օգնել ՀՎՀ օգտատերերին շրջանցել աշխարհագրական սահմաններն ու ժամային գոտիները և վիրտուալ մասնակցել տարբեր սեմինարների, գիտաժողովների, կոնֆերանսների և հանրային լսումների, որտեղ ներկայացվում են արդի հետազոտություններ` խթանելով հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ քննարկումներ: Դիտե՛ք գիտաժողովի ձայնագրված տեսանյութն այստեղ: