ՀՎՀ հիմնադիրն այցելում է պատմական Արմենոպոլիս քաղաքը
06/10/2015
Ռումինիա կատարած իր այցի ընթացքում ՀՎՀ հիմնադիր դոկտոր Երվանդ Զորյանը եղավ նաև պատմական Արմենոպոլիս (ներկայիս՝ Ղեռլա) քաղաքում, որը կազմավորվել է Տրանսիլվանիայում հայերի կողմից երեք դար առաջ: Նա Արմենոպոլիսի հոգևոր առաջնորդների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպեց հայկական Սբ. Սողոմոն եկեղեցում:
Ղեռլայի հայերը ողջունեցին դոկտոր Զորյանի այցը և ոգևորությամբ լսեցին ՀՎՀ-ի գործունեության մասին: Տեղի հայկական համայնքի անդամները կարևորեցին ՀՎՀ-ի ծրագրերի դերը և նշանակությունը: Վերջիններս կարող են խթանել հայոց լեզու և պատմություն սովորելու ցանկությունն ավանդական միօրյա դպրոցներում: Նրանք վստահ էին, որ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հագեցած հայագիտական դասընթացները կարող են շատ ավելի գրավիչ լինել համայնքի երիտասարդների համար, քան որևէ այլ ավանդական կրթական համակարգը:
Պատմական Արմենոպոլիսում հայերի ջերմ ընդունելությունը և բաց քննարկումները մեծապես նպաստեցին համայնքի հետ տարբեր հարթակներում համագործակցային կապերի ստեղծմանը, ինչպես օրինակ հիբրիդ (խառը) մեթոդի կիրառումը դպրոցներում, ՀՎՀ-ի ներկայացուցիչ դառնալու ծրագիրը, այլ: Միանշանակ է, որ հնարավորություններն անսահման են, երբ խոսքը կրթությանն է վերաբերում: