ՀՎՀ առաջին ամառային կրթական ծրագրի մասնակիցները Էջմիածնում
07/14/2012
Առցանց համալսարան, հեռավար հայագիտական կրթություն, մտերմություն և ընկերական ջերմ մթնոլորտ...Այս բոլորը համատեղելու հնարավորությունը ստեղծվեց ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի շնորհիվ` 2012 -թ.ի հուլիսի 14-ին, կազմակերպելով ՀՎՀ առաջին ամառային կրթական ծրագիրը էջմիածնում:
Ծրագիրը աշխարհի հեռավոր անկյուններից ժամանած ՀՎՀ ուսանողներին համախմբեց Հայաստանի հոգևոր քաղաքում, որտեղ նրանք հնարավորություն ստացան անձամբ հանդիպելու միմյանց և իրենց ուսուցիչներին, սերտելու Մայր աթոռ Ս. Էջմիածնի դարավոր պատմությունը, (որն արդեն ուսանել էին ՀՎՀ-ի առցանց դասարաններում), այցելելու և ուսումնասիրելու Էջմիածնի գանձարան- թանգարանը, «Տրդատ թագավորի դուռը», այդպիսով ծանոթանալով հայկական եկեղեցական արվեստի բազմաթիվ գործերի, ձեռագրերի, ասեղնագործությունների, ինչպես նաև` հայկական նկարների, դրամների և այլ արժեքավոր հայկական հոգևոր ու մշակութային արժեքների հետ:
Շրջագայությունը Մայր աթոռ Ս. Էջմիածնում ավարտելուց հետո, ՀՎՀ ամառային ծրագրի մասնակիցներն ուղղվեցին Էջմիածին քաղաքում գտնվող «Հայ միասնության խաչ» արվեստի կենտրոն, որի հյուրընկալ դռները բացվեցին՝ ՀՎՀ ուսանողների առջև բացելով հայկական ավանդական բույրով ու համով լեցուն մի մթնոլորտ, որն իր գույներով, իր սովորույթներով, իր արվեստով, ուտեստով ու ձեռագործ աշխատանքներով գրավեց այցելուների սիրտն առաջին իսկ վայրկյանից:
ՀՎՀ տնօրենության հետ միասին , ուսանողներն ու ուսուցիչները նախ ուղղվեցին դեպի իսկական ավանդական թոնիրը, ուր երկու հայ մայրեր պիտի ՀՎՀ ուսանողներին սովորեցնեին հայկական թարմ ու համեղ լավաշ պատրաստելու և թխելու գաղտնիքը: Մեկ մարդու նման բոլորը համախմբվեցին թոնրի շուրջ, ուշադիր ուսումնասիրեցին լավաշ պատրաստելու ընթացքը, իսկ քիչ այն կողմ կենտրոնի կողմից կազմակերպվեց հայկական ավանդական դոլմայի պատրաստում, որտեղ ևս ՀՎՀ ուսանողները իրենց շնորհքը ցուցադրեցին՝ խաղողի թփով ավանդական դոլման փաթաթելով ու կաթսայի մեջ հատիկ- հատիկ շարելով:
Լավաշի ու դոլմայի բուրմունքին քիչ հետո գումարվեցին հայկական հարիսայի, կանաչիների, պանրի ու մածունի բուրմունքը ու ...Սեղանն արդեն պատրաստ էր: Խմբի անդամները ուրախ ու մտերմիկ զրուցում, նվագում, երգում էին. հյուրընկալ սեղանը անհամբեր սպասում էր...Սեղանի շուրջ նստած ՀՎՀ ուսանողներն աղոթեցին ու բարի ախորժակ մաղթելով միմյանց սկսեցին համտեսել ախորժաբեր ուտեստները: Օրը պիտի լցվեր ոչ միայն հայկական ավանդական ուտեստների պատրաստմամբ ու համտեսով, այլ կավագործության և գորգագործության դասընթացներով, ինչպես նաև` թատերական մի բեմականացմամբ, որը հատուկ պատրաստել էին արվեստի կենտրոնի սաները:
ՀՎՀ ուսանողները դասընթացներին մասնակցեցին մեծ հետաքրքրությամբ, թաց կավով պատրաստեցին աղամաններ, գավաթներ ու զարդեր, ուշադիր հետևեցին կավագործության գաղտնիքներին և յուրաքանչյուրն իր պատրաստած կավե իրը վերցրեց իր հետ որպես իրեղեն հիշատակ:
Հերթը եկել էր «Կիկոսի մահ»-ին: ՀՎՀ ուսանողներն ուղղվեցին փոքրիկ դահլիճ, ուր կարմիր վարագույրներով փակված բեմը հանկարծ բացվեց ու թումանյանական աշխարհն իր հեքիաթով թափանցեց բոլորի սրտերը: Կենտրոնի սաները իսկապես մեծ համարձակությամբ ու իրենց հատուկ շնորհքով խաղացին բեմում, իսկ ներկայացման ավարտին՝ խնդրեցին ՀՎՀ ուսանողներին բարձրանալ բեմ, փոխարինելու իրենց՝ բուն դերասաններին:
ՀՎՀ ուսուցիչները խանդավառելով իրենց ուսանողներին միացան նրանց ու սկսվեց «Կիկոսի մահ» ներկայացման ՀՎՀ ուսնաողների և ուսուցիչների տարբերակը, որն իսկապես հաստատեց այն, որ արվեստը կարող է անմիջապես համախմբել ու միացնել բոլոր –բոլոր մարդկանց, անկախ բնակության վայրից ու երկրից, անկախ լեզվից, անկախ տարիքից և անկախ ավանդույթներից ու սովորույթներից:
Մոտենում էր ամառային միօրյա այս այցելությունն իր ավարտին, սակայն օդում տարածված ջերմությունն ու հաճելի մթնոլորտը ստիպում էին կարծես բոլորին նստել այդ հին հայկական բակում, լուռ խորհել մի պահ ու թեկուզ անխոս՝ արտահայտել սեր ու համակրանք իրար նկատմամբ, ուրախություն, ոգևորություն ու նորից հանդիպելու ցանկություն և հաստատակամություն:
Առաջին ամառային կրթական ծրագիրն անցավ մեծ հաջողությամբ, ճանապարհ հարթելով երկրորդին, երրորդին ու մնացած բոլոր տարիներին կազմակերպվելիք այս բարի, համախմբող ու հայապահպան ծրագրին:
Հայկական վիրտուալ համալսարանը իր առցանց և ամառային կրթական ծրագրերով հարյուրավոր ու հազարավոր հայեր համախմբելու նպատակ և ուժ ունի՝ և պատահական չէ, որ այս համալսարանի շուրջ հավաքվել են բոլոր նրանք, ովքեր սիրում են Հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը և ովքեր պատրաստ են քայլել արմատներին տանող ուղղությամբ: