ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը հյուրընկալեց Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի ավելի քանի 1000 մասնակիցներին (Ամառ 2013)
08/21/2013
2013թ. ամռան ընթացքում Հայաստանի Սփյուռքի նախարարության «Արի տուն 2013» երիտասարդական ծրագրին մասնակցեցին 13-20 տարեկան ավելի քան 1000 երիտասարդներ 30-ից ավելի երկրներից:
Ծրագիրը սկսվեց հունիսին և ողջ ամառվա ընթացքում ունեցավ 8 փուլ: Յուրաքանչյուր փուլին մասնակցեցին 100-150 երիտասարդներ, ովքեր հնարավորություն ունեցան Հայաստան այցելել, հայ ընկերներ ձեռքբերել, ապրել հյուրընկալող ընտանիքներում և, արդյունքում, ամուր կապեր հաստատել իրենց հայրենիքի հետ:
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը «Արի տուն 2013» ծրագրի յուրաքանչյուր խմբի մասնակիցներին հյուրընկալեց նաև իր հարկի տակ: Այցելության և շնորհանդեսների ընթացքում երիտասարդները ծանոթացան ՀՎՀ ծրագրերի, դասընթացների, գրանցման գործընթացի և ՀՎՀ ուսանողների օնլայն կյանքի հետ: Հանդիպումները երկու մասից էին բաղկացած:
Հանդիպման առաջին հատվածում ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի համագործակցության զարգացման մասնագետ Նաիրա Գասպարյանը ներկայացնում էր ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի գործունեությունը: Նա խոսում էր նաև Հայկական վիրտուալ համալսարանի նպատակների, օնլայն դասերի, արձանագրման գործընթացի մանրամասների մասին: Այնուհետև, ՀՎՀ օնլայն ուսուցիչները հակիրճ ներկայացնում էին օրինակներ օնլայն դասերից` ցուցադրելով ուսանողի էջի կառուցվածքը, մուլտիմեդիա դասերը, խաղային և ուսումնական գործիքները, ֆորում-քննարկումների և չաթի համար նախատեսված դաշտերը:
Հանդիպման երկրորդ հատվածում կազմակերպվում էին զվարճալի և ուրախ խաղեր, հետաքրքիր քննարկումներ և մրցույթներ: Խաղի ընթացքում երիտասարդ մասնակիցները բաժանվում էին երեք խմբի, ընտրում էին իրենց խմբերի ղեկավարներին և պատասխանում էին հայկական մշակույթին և պատմությանը վերաբերող հարցերին` երգելով հայկական երգեր և կատարելով հայկական պարեր:
Մասնակիցներին հետաքրքրեց ՀՎՀ օնլայն կրթական միջավայրը, իսկ նրանց ոգևորությունն առավել ակնհայտ դարձավ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում: ՀՎՀ անձնակազմն արեց ամեն հնարավորը երիտասարդ սերնդի մեջ սերմանելու հետաքրքրություն հայկական կրթության հանդեպ`հավատարիմ մնալով իր առաքելությանը. ընդարձակել հայկական կրթական համայնքի սահմանները` խթանելով մշակութային կրթությունը և աշխարհասփյուռ հայերի միջև սոցիալական հաղորդակցությունը: