ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ), Սմիթսոնյան ինստիտուտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) համատեղ հրատարակելու են մուլտիմեդիա էլեկտրոնային գիրք՝ նվիրված Վայոց ձորի մարզի զբոսաշրջությանը
10/21/2016
Հոկտեմբերի 21-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) սկսեց պաշտոնապես համագործակցել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հիմնված և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրագործված «Իմ Հայաստան» ծրագրի հետ՝ Հայաստանի Վայոց ձորի տարածաշրջանի զբոսաշրջությունը զարգացնելու և մշակույթը պահպանելու նպատակով: Մամլո ասուլիսի ընթացքում հայտարարվեց մարզին նվիրված մուլտիմեդիա էլեկտրոնային գրքի՝ որպես ՀՎՀ-ի էլ. գրքերի շարքի մաս, համատեղ հրատարակման մասին:
«Զբոսաշրջությունը Հայաստանի առաջնային և զարգացող ոլորտներից մեկն է: Հավատարիմ մնալով իր առաքելությանը, այն է՝ աջակցել Հայաստանի հասարակական-տնտեսական առաջընթացին, ՀԲԸՄ-ն ակտիվորեն մասնակցում է նմանօրինակ նորարարական ծրագրերի զարգացման և առաջխաղացման աշխատանքներին՝ միանալով պետության գործադրած ջանքերին, որոնք նպատակաուղղված են տարբեր տարիքային խմբերի և հետաքրքրությունների տեր մարդկանց համար Հայաստանը որպես զբոսաշրջային յուրօրինակ երկիր դարձնելուն»,–ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:
«Վայոց ձոր» էլեկտրոնային գիրքը ՀՎՀ-ի բազմահարթակ մեդիա արտադրանքի մասն է կազմում. այն հասանելի է սմարթֆոնների, պլանշետների և վեբ-բրաուզերների օգտատերերի համար: Էլեկտրոնային նոր գիրքը ներկայացնելու է Վայոց ձորի մարզը պատմական և աշխարհագրական համատեքստում, ինչպես նաև ընդգրկելու է տեղեկատվական հարուստ նյութ է տեղական խոհանոցի, ճարտարապետության, հնագիտության, փառատոնների, մարզային միջոցառումների, ինչպես նաև ժամանցի և այլ հետաքրքրությունների մասին: Յոթ լեզվով հասանելի էլեկտրոնային գրքերի ներբեռնումն անվճար է: Մուլտիմեդիա արտադրանքի առաջին երկու գրքերն են «Հայկական լեռնաշխարհը» և «Բացահայտենք Երևանը»: «ՀԲԸՄ-ի պատմությունը»` երրորդ էլեկտրոնային գիրքը, կհրատարակվի 2016 թվականի վերջին:
«Այս ծրագիրը Հայկական վիրտուալ համալսարանի առաքելության և գործադրած ջանքերի շարունակությունն է՝ ուղղված հայկական ժառանգությունը համաշխարհային հանրությանը ներկայացնելուն»,- ասաց ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ դոկտոր Երվանդ Զորյանը: «Տեսնելով մեր մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի հանրաճանաչությունը` մենք համոզվում ենք, որ էլեկտրոնային հրատարակչությունը մեր հարուստ ժառանգությունը նորագույն և արդի ձևաչափով ներկայացնելու լավագույն ուղին է: Մենք ուրախ ենք, որ Սմիթսոնյան ինստիտուտը ևս կարևոր քայլեր է կատարում Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, և խանդավառված ենք այս համագործակցությամբ: «Վայոց ձոր» էլեկտրոնային գիրքը լինելու է Հայաստանի մարզերին նվիրված շարքի անդրանիկ հրատարակությունը»:
Սմիթսոնյան ինստիտուտն աշխարհի ամենամեծ թանգարանն է` ԱՄՆ-ում տեղակայված, և գիտահետազոտական համալիր, որի տարեկան այցելուների թիվն անցնում է 30 միլիոնից: Ինստիտուտը ներկայացուցչություններ ունի նաև 130 երկրում: Գործունեություն է ծավալում` խթանելով մշակութային հաղորդակցության կայունությունը, պահպանելով կենսաբազմազանությունը, ուսումնասիրելով ու հովանավորելով մշակութային և բնական ժառանգությունը:
Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի նպատակն է՝ բարելավել և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը (տուրիզմը) մայրաքաղաք Երևանից դուրս գտնվող համայնքներում՝ խթանելով գիտական հետազոտությունների անցկացմանը, տրամադրելով կրթաթոշակներ, աջակցելով արհեստագործությանը, զարգացնելով առկա կարողությունները, շեշտադրելով զբոսաշրջության ոլորտում թարմ մտածողության առաջնայնությունը: Սմիթսոնյան ինստիտուտի օտարազգի և հայ հետազոտողներն աշխատում են տեղական համայնքներում: Նրանք բացահայտում և վավերագրում են յուրաքանչյուր համայնքի մշակութային առանձնահատկությունները, այդ թվում՝ խոհանոցը, արհեստն ու արվեստը, երաժշտությունը, պարարվեստը և ավանդազրույցները: Հավաքագրված տեղեկություններն այսուհետ կօգտագործվեն ՀԲԸՄ ՀՎՀ-ի էլ. գրքում և այլ հարթակներում՝ Հայաստանի մշակութային, պատմական և գեղարվեստական հարստությունները ներկայացնելով ամբողջ աշխարհից Հայաստան ժամանած այցելուներին :
«ԱՄՆ ՄԶԳ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի համատեղ ջանքերով կյանքի կոչված «Իմ Հայաստան» ծրագիրը նպատակաուղղված է ցուցադրելու, թե որքան արդյունավետ կապ կարելի է ստեղծել մշակույթի և տնտեսության զարգացման միջև: «Իմ Հայաստան» ծրագրի գիտաշխատողների փորձառության և ջանքերի շնորհիվ մեր առանցքային գործընկերների՝ ՀԲԸՄ ՀՎՀ-ի հետ համագործակցության շրջանակներում մենք կկարողանանք նպաստել Հայաստանի գյուղական բնակավայրերի կայուն տնտեսական աճին և օգնել հայկական մշակութային արժեքների բարելավելավմանն ու բարձր մակարդակով ներկայացնելուն»,-ասաց Օլիվիե Մեսմերը՝ Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավարը: