ԱՄԷ-ՀՎՀ՝ երկարամյա համագործակցություն
04/11/2016
ՀՎՀ-ի և Շարժայի Օհանեսյան հայկական դպրոցի միջև համագործակցությունը սկսվեց 2009 թվականից՝ ՀՎՀ-ի հիմնադրումից ի վեր: Առաջին անգամն էր, որ ՀՎՀ-ն իր ծրագիրն ընդարձակեց՝ ներգրավելով դպրոցներին ևս: Այդ օրվանից սկսած՝ Օհանեսյան դպրոցը հիրավի դարձավ ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի օրինակելի մասնակիցներից մեկը:
Դպրոցի կրթական կոմիտեի նախկին ղեկավար Հրաչ Բրունսուզյանի և նախկին տնօրեն Նշան Բասմաջյանի նախաձեռնությամբ դպրոցը սկսեց համագործակցել ՀՎՀ-ի հետ՝ ՀՎՀ-ի պատմության դասընթացն ավելացնելով դպրոցի երկրորդական բաժնի ուսումնական ծրագրում: Նշան Բասմաջյանը վկայում է. «ՀՎՀ-ի հետ համագործակցությունը հրաշալի փորձառություն տվեց դպրոցին: ՀՎՀ-ի օնլայն դասընթացները բազմաթիվ հայերի համար իրենց արմատները վերագտնելու և իրենց մայրենի լեզուն սովորելու միջոց դարձան»:
Դպրոցի ներկայիս տնօրեն Ա. Սաբան և հայոց պատմության ներկայիս ուսուցիչ Մ. Մանուկյանը ջանք չեն խնայում, որ աշակերտները հնարավորինս շատ օգուտ քաղեն այս հիանալի հնարավորությունից և հարստացնեն պատմության բնագավառի իրենց գիտելիքները: Պետք է նշել նաև, որ ուսումն ավելի մատչելի և լեզվական խոչընդոտը լուծելի է դառնում ՀՎՀ-ի դասավանդման բազմալեզու հարթակի շնորհիվ: Օհանեսյան դպրոցի աշակերտները դասընթացին մասնակցում են միառժամանակ արևմտահայերեն և անգլերեն լեզուներով, ինչն էլ ավելի է բարձրացնում առարկայի յուրացման մակարդակը:
Հատկանշական է, որ աշակերտները ևս ոգևորված են այս ծրագրով: Դալար Պոնտիկյանը փաստում է. «Ես շնորհակալ եմ ՀՎՀ-ին այս հնարավորության համար: Դուբայի հայկական համայնքի անդամների համար այս ծրագիրը հայոց պատմությունը սովորելու լավագույն միջոցն է: Իսկական հաճույք է ՀՎՀ-ում պատմություն ուսանելը: Դասերը մատչելի են, բացատրությունները՝ հասկանալի: Ես ուրախ եմ, որ կարող եմ իմ հայրենքի պատմությունը սովորել այս ծրագրի միջոցով»:
Օհանեսյան դպրոցի հետ գործընկերությունն ամուր հիմքեր ունի և խոստանում է արգասաբեր լինել նաև ապագայում՝ ներգրավելով ավելի ու ավելի մեծ թվով աշակերտների: